Լուրեր

Ալեքսանդր Գրիգորյանը, Ռաֆայել Վահանյանը և Հենրիխ Մխիթարյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

12.10.2012

 Հոկտեմբերի 12-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել կառավարության պահուստային ֆոնդից որպես կապիտալ սուբվենցիա տրամադրված 1,300,000.0 հազար դրամը մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող 36 դպրոցների ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով օգտագործելու մասին որոշման նախագծին.
<<Քաղաքապետարանն իրականացնում է բոլոր չջեռուցվող կրթական, մշակութային, նախադպրոցական հաստատությունները, գրադարանները ջեռուցման համակարգերով ապահովելու լայնամասշտաբ ծրագրեր, որոնց արդյունքում Երևան քաղաքի բոլոր նախադպրոցական հաստատություններն այսօր ապահովված են ջեռուցման տեղային համակարգերով։ Ներկայում ընթացքի մեջ են արվեստի և երաժշտական որոշ դպրոցներում, ինչպես նաև գրադարաններում ջեռուցման համակարգերի ներդրման աշխատանքները>>,- ներկայացնելով որոշման ընդունման անհրաժեշտությունը` նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ որոշման ընդունմամբ Երևան քաղաքում արդեն տարեվերջին չջեռուցվող դպրոցներ չեն լինի։Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև 2012 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված <<Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև բարեկամության մասին>> համաձայնագիրը և ՀՀ Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև 2012-2014թթ. համար համագործակցության ծրագիրը: Երևան քաղաքի 2794-րդ տարեդարձի առթիվ, ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև թատերարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի և ակնառու ձեռքբերումների համար Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանին, շախմատի բնագավառում ունեցած մեծ վաստակի և ներդրած նշանակալի ավանդի համար` միջազգային գրոսմայստեր, հանրահայտ շախմատիստ Ռաֆայել Արտեմի Վահանյանին, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Համլետի Մխիթարյանին Երևանի ավագանու որոշմամբ շնորհվել է <<Երևանի պատվավոր քաղաքացի>> կոչում։

← Վերադառնալ ցուցակին