Լուրեր

Քաղաքամայր Երևանը պատրաստվում է հերթական տարեդարձին

12.10.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական շրջայցով ծանոթացել է <<Էրեբունի-Երևան 2794-ամյակի>> տոնակատարությունների շրջանակում մայրաքաղաքում ընթացող տոնական բեմերի կահավորման աշխատանքներին:<<Էրեբունի>> թանգարանին հարակից տարածքում Տարոն Մարգարյանին են ներկայացվել գլխավոր թատերականացված ներկայացման մանրամասներն ու բեմական կահավորման աշխատանքները:Բեմականացման գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը քաղաքապետին վստահեցրել է, որ հոկտեմբերի 14-ին թանգարանի հարակից հրապարակն ամբողջությամբ կվերածվի թատերական հարթակի: Ռուբեն Հովհաննիսյանը նաև նշել է, որ ներկայացման որոշ հատվածներ հաճելի անակնկալ կլինեն տոնակատարության բոլոր մասնակիցների համար:Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է բեմահարթակներին հարակից տարածքներում ավելացնել տոնական ձևավորման պարագաները: Տեխնիկական վերջին շտկումներն են արվում նաև Հանրապետության հրապարակում տեղակայված տոնական գլխավոր միջոցառման բեմահարթակում:Աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթանալով բեմերում ընթացող աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանն ընդհանուր առմամբ գոհ է մնացել նախապատրաստական գործընթացից. <<Հոկտեմբերի 14-ին մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան օրն է, և մենք` բոլորս միասին, բարձր տրամադրությամբ պետք է նշենք Երևանի տոնը:Բոլոր գլխավոր բեմահարթակներում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ես վստահ եմ, որ հոկտեմբերի 14-ին Երևանն իսկապես կլինի տոնական, և մենք կկարողանանք ապահովել բարձր տրամադրություն: Մեզ համար նաև շատ կարևոր է, որ այդ օրը երևանցին դառնա տոնախմբության անմիջական մասնակիցը: Մեկ անգամ ևս հոկտեմբերի 14-ին բոլորին հրավիրում եմ քաղաքի փոքր կենտրոն` մասնակցելու բազմաթիվ և բազմաբնույթ տոնական միջոցառումներին>>,- նշել է Տարոն Մարգարյանը: 

← Վերադառնալ ցուցակին