Լուրեր

Քննարկվել են մշակութային ժառանգության վերաբերյալ հարցեր

16.10.2012

 Մշակութային ժառանգության գնահատման ու պահպանման, զբոսաշրջության զարգացման հեռանկարների և համագործակցության եզրերի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրերին` Արամ Սուքիասյանը նշել է, որ հայ-ֆրանսիական, ինչպես նաև Իլ դը Ֆրանսի և Երևանի քաղաքապետարանի միջև առկա ամուր բարեկամական և գործակցային կապերը կարող են լավ հիմք հանդիսանալ և նպաստել համատեղ ծրագրերի իրականացմանը` մասնավորապես մշակութային ժառանգության պահպանման համար:<<Երևանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մշտապես պատրաստ է քննարկելու համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր: Մայրաքաղաքն օրեցօր զարգանում է, և դրանով է պայմանավորված դեպի Երևան զբոսաշրջիկների ավելացող հոսքը: Քաղաքում պատմամշակութային մեծ ժառանգություն կա, իսկ դա ավելի ճանաչելի դարձնելու գործում մենք ակնկալում են նաև մեր գործընկերների աջակցությունը>>,- նշել է Արամ Սուքիասյանն ու հավելել, որ այս տարի Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, ինչը ևս վկայում է այն մասին, որ մայրաքաղաքն ունի մեծ ներուժ` պատմամաշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջության զարգացման բնագավառում:Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Էլ Յամին Սումը նշել է, որ, <<Էրեբունի-Երևան 2794>> տոնակատարության շրջանակում, մասնակցելով մի շարք միջոցառումների և շրջելով մայրաքաղաքում, նկատել է զբոսաշրջության զարգացման լայն հեռանկարներ և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում աջակցել և արտերկրում ավելի ներկայանալի դարձնել Երևանի պատմամշակութային ժառանգությունը: Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանը հետաքրքրված է Երևանում ստեղծել զբոսաշրջության գրասենյակ և ակնկալում է այդ ուղղությամբ առաջարկություններ բոլոր գործընկերներից: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև կազմակերպել մասնագետների փոխայցեր:

← Վերադառնալ ցուցակին