Լուրեր

Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարը

18.10.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարի բացմանը:
ՀՀ կառավարության անունից ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է կրթական համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները: «Ժամանակակից պետությունը և հասարակությունը չի կարող կառուցվել առանց արդյունավետ կրթական համակարգի: Ժամանակակից աշխարհում փոխվում է հասարակության զարգացման տրամաբանությունը: Այսօր հասարակության զարգացման հիմնական միջոցը ոչ թե ապրանքների արտադրությունն ու արդյունաբերությունն է, այլ նոր գիտելիքների արտադրությունը: Սա պահանջում է երկրների կառավարություններից, որպեսզի նրանք դրան համապատասխան փոխեն պետության կառավարման համակարգի ողջ գործընթացը»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ժամանակակից պետության հիմնական գործառույթներն են՝ կրթությունը և գիտությունը: «Այսօր հասարակության հիմնական գործընթացը դառնում է մտագործունեությունը: Դա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ, որպեսզի մարդը կարողանա ինքնադրսևորվել իր տաղանդի և գիտելիքների հիման վրա»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այս համատեքստում, վարչապետի դիտարկմամբ, առաջնային նշանակություն ունեն համալսարանները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր համալսարանների շրջանակներում ստեղծվում են ժամանակակից տեխնոլոգիական կենտրոններ, այսինքն՝ այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք ստեղծագործող մարդու համար ապահովում են մտագործունեության բոլոր հնարավորությունները: «Մեր պարտքն է ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որպեսզի մարդն իր ողջ կյանքի ընթացքում հնարավորություն ունենա նոր մակարդակի բարձրացնել և համալրել իր գիտելիքները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է նաև ԱՊՀ շրջանակում կրթության և գիտության ոլորտում ինտեգրացիոն գործընթացները և նշել, որ Հայաստանը շահագրգռված է դրանում:
Համագումարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Մոլդովայի ներկայացուցիչները: Համագումարի նպատակն է առաջիկա տարիներին կրթության և գիտության ազգային համակարգերի հետագա համագործակցության գերակա ուղղությունների մշակումը, ԱՊՀ պետությունների համագործակցությունն ավելի դինամիկ և պահանջված դարձնելը:

← Վերադառնալ ցուցակին