Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

24.10.2012

Սիրելի Վարպետ,

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 83- ամյակի առթիվ:

Ձեր ապրած կյանքով ու անցած ճանապարհով Դուք անվիճելի հեղինակություն եք մեր մշակութային աշխարհում, ումից սովորել ու շարունակելու են կինոարվեստ ու թատերարվեստ սովորել տարբեր սերունդներ:

Որպես դերասան Դուք ժողովրդական եք այդ բառի ամենաիսկական իմաստով՝ ժողովրդից ծնված, նրա իմաստնությունը, ոգին ու խորաթափանցությունը Ձեր կենսակերպում ու արվեստում ներառած, այդ ամենը Ձեր խաղացած դերերի միջոցով կրկին ժողովրդին փոխանցած:

Սիրելի Վարպետ,

թատրոնի բեմից ու կինոժապավենից Ձեր անմիջականությամբ ու բնական կերպարներով Դուք մի քանի տասնամյակ դաստիարակել եք բազմաճաշակ ու խստապահանջ հանդիսատեսին, հայրենիքը սիրելու եւ նրան նվիրվելու բացառիկ օրինակ ծառայել, սովորեցրել մարդ լինելու եւ մարդ մնալու բարդագույն արվեստը, արվեստ, որին էլ ավելի անմիջական առնչվել են Ձեր սաները՝ անցնելով Սոս Սարգսյան մանկավարժի կյանքի ու արվեստի վարպետության դպրոցով:

Թատրոնին ու կինոյին նվիրած Ձեր տարիներն իրապես մի ամբողջ կյանք են, ինչպիսին կուզենային ապրել բոլոր նրանք, ովքեր դիտել ու լսել են Ձեզ, շփվել Ձեզ հետ, աշակերտել Ձեզ: Համոզված եմ, որ սովորելու բան էլի ունենք, ինչպես ունենք Ձեր իմաստուն խորհրդի, սթափ մտածողության ու ընդօրինակելի կենսափորձի կարիքը:

Սիրելի Վարպետ,

եւս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջ առողջություն, երկարակեցություն եւ շարունակական ստեղծագործական եռանդ:

← Վերադառնալ ցուցակին