Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խրախուսել է մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների աշխատակիցներին

26.10.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ի դեմս կանաչապատման ընկերությունների տնօրենների շնորհակալություն հայտնելով նրանց բոլոր աշխատակիցներին ամենօրյա նվիրված աշխատանքի համար` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքի հանդեպ ցուցաբերած սրտացավության արդյունքն ակնհայտ է: Այդ են վկայում շուրջ երեք անգամ ավելացած ծաղկապատման, կանաչապատման ու կանաչ տարածքների խնամքի այս տարվա ծավալները:
Քաղաքապետը նաև կարևորել է թիմային համագործակցված աշխատանքը, ինչի արդյունքում միասնական մոտեցմամբ այս տարի կանաչապատվել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները. <<Երևանը մեկ համայնք է և մեկ ընտանիքի նման աշխատելով ` մենք կկարողանանք հասնել շատ ավելի լավ արդյունքների: Այդ մասին է փաստում նաև այս տարվա կատարած աշխատանքը, և վստահ եմ, որ այն կլինի շարունակական>>,- նշել է քաղաքապետը:
Ներկայացնելով 2013թ. մայրաքաղաքում կանաչապատման ուղղությամբ նախատեսվող առաջնահերթությունները, Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, բնապահպանական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով, քաղաքապետը կարևորել է նաև Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը, ինչպես նաև հնարավոր բոլոր վայրերում նոր անտառ-պուրակների ստեղծումը:
<<Եթե արդեն հաջորդ տարվանից մենք համատեղ ուժերով մեկ կամ երկու վարչական շրջաններում նախաձեռնենք անտառ-պուրակների հիմնման աշխատանքները, ապա վստահ եմ, որ մի քանի տարի անց մեր և մեր համաքաղաքացիների ցանկությունը կդառնա իրական, և կրկին կունենանք ծառերով հարուստ մայրաքաղաք>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետի որոշմամբ` բարեխիղճ աշխատանքի համար մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրեններն ու աշխատակիցները արժանացել են դրամական պարգևների:
Կանաչապատման ընկերությունների տնօրենները, շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, քաղաքապետին խոստացել են, որ այսուհետ ևս կաշխատեն մեծ նվիրումով ու եռանդով:
 

← Վերադառնալ ցուցակին