Լուրեր

Վարչապետը ծանոթացել է սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիայի գործունեությանը

26.10.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում «Տոնուս-Լես» ընկերության կառուցած սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և Առողջապահության նախարարներ՝ Տիգրան Դավթյանի ու Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիայում՝ ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին:
Ներդրումային ծրագիրը կազմել է մոտ 1.3 մլրդ դրամ, որի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված համապատասխան պայմանագրի համաձայն՝ ծրագրի շրջանակներում կստեղծվի առնվազն 50 աշխատատեղ, որից 20-ն արդեն իսկ ստեղծվել է: Ընկերությունում ներկայում աշխատում է 97 մարդ` 100 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Վարչապետը մեծապես կարևորել է նման ժամանակակից լաբորատորիայի գործունեությունը՝ նշելով, որ հանրապետության բոլոր սնունդ արտադրողները պարտավոր են հանրությանը մատուցել բարձրորակ արտադրանք, հակառակ պարագայում նման լաբորատորիաների միջոցով անմիջապես կպարզվեն բոլոր թերությունները: «Մեր նպատակն է հանրապետությունում ստեղծել նման լաբորատոր փորձագիտական ցանց, առանց որի եզրակացության՝ որևէ արտադրանք չի մատուցվի հանրությանը»,- ասել է Տիգրան Սարգսանը:
Ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության որոշմամբ ընկերության կողմից ներմուծված ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել է երեք տարի ժամկետով:
«Տոնուս-Լես» ընկերության ղեկավար Լևոն Հակոբյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նման արտոնություն տրամադրելու համար, և նշել, որ առանց դրա հնարավոր չէր լինի իրականացնել այս ներդրումային ծրագիրը:
Լաբորատորիան հնարավորություն է տալիս հանրապետությունում արտադրվող, ինչպես նաև ներկրվող դեղերի ու սննդի համար իրականացնել որակի և կենսահամարժեքության, ինչպես նաև կենսաբանական և մանրէաբանական փորձաքննություններ` նպաստելով դրանց որակական չափանիշների ապահովմանը, որն էլ իր հերթին կխթանի տեղական որակյալ ապրանքների արտադրությունը և արտահանումը:
Լաբորատորիան ունի գերմանական, շվեյցարական, ճապոնական և իսրայելական արտադրության ժամանակակից սարքավորումներ, որոնց արժեքը նախապես պետք է կազմեր մոտ 310 մլն դրամ, սակայն աշխատանքների իրականացման արդյունքում այն արդեն իսկ գերազանցում է 470 մլն-ը:
Ներկայում ընթացքի մեջ է լաբորատորիայի միջազգային ISO 9001-2008 հավատարմագրման հետ կապված գործընթացը:

← Վերադառնալ ցուցակին