Լուրեր

Տեղեկատվական համակարգերի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը կառավարության առաջնայնություններից է. Տիգրան Սարգսյան

26.10.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր թրենդներ և տեխնոլոգիաներ» խորագրով համաժողովի բացմանը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր ազգի 2/3-րդն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Մենք պարտավոր ենք նայել ապագային՝ փորձելով վեր հանել այն բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, որոնք հնարավոր են այս բնագավառում: Այդ տեսակետից, այս համաժողովն ունի կարևոր նշանակություն, քանի որ ձեր փորձը և գիտելիքները թույլ կտան վեր հանել դրամական փոխանցումների զարգացման առաջնային ուղղությունները»:

Վարչապետի խոսքով՝ այսօրվա գիտատեխնիկական զարգացումները՝ նոր տեխոնոլագիաները, էլեկտրոնային համակարգերը, մեծապես կապված են այս ոլորտի հետ, ուստի Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրում ինֆորմացիոն համակարգերի զարգացմանը և, ընդհանրապես, հեռահաղորդակցության բնագավառին: «Այս ոլորտում վերջին տարիներին մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել և տարածաշրջանում առաջատար տեղեր ենք զբաղեցնում՝ ինտերնետ օգտագործողների քանակով, ինտերնետի գնով և երկրում ինտերնետի ապահովման ծածկույթով: Առաջիկա տարիներին Հայաստանում կիրականացվեն նաև այնպիսի բարեփոխումներ, որոնք լուրջ ազդեցություն կունենան նաև դրամական փոխանցումների ոլորտի զարգացման վրա»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ հարկային ոլորտում ներդրվում է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգ, որից այսօր օգտվում են 10 հազար կազմակերպություններ, իսկ սկսած 2013 թվականից՝ բոլոր հարկ վճարողները հարկային մարմինների հետ կշփվեն բացառապես էլեկտրոնային հաշվետվությունների եղանակով: «Դա նշանակում է, որ նրանք պետք է ունենան նաև էլեկտրոնային ստորագրություն: Կառավարությունը փոքր և միջին բիզնեսի համար կսուբսիդավորի էլեկտրոնային ստորագրություն ստանալը: Այսինքն, աստիճանաբար Հայաստանում լավ հիմք է ստեղծվում էլեկտրոնային բանկինգի և դրամական փոխանցումների զարգացման համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Խոսելով մեր երկրում բանկային ոլորտի վերաբերյալ՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությանը հաջողվել է կտրուկ ամրացնել այդ համակարգը: «Հայաստանն ունի ուժեղ բանկային համակարգ: Ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքը մեր բանկային ոլորտին չդիպավ, քանի որ բարձր էր կապիտալի մակարդակը և լիկվիդայնությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Համաժողովին մասնակցում են ՌԴ, ԱՊՀ, Վրաստանի, Մերձբալթյան երկրների խոշորագույն բանկերի ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների և վճարային համակարգերի ներկայացուցիչներ:


 

← Վերադառնալ ցուցակին