Լուրեր

Արաբկիրում բացվել է հերթական բարեկարգված բակն ու ֆուտբոլի դաշտը

08.11.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Արաբկիր վարչական շրջանի Կիևյան 18 հասցեի բարեկարգված բակը:Ֆուտբոլի փոքր խաղադաշտ ունենալու խնդրանքով բակի 5 փոքրիկ բնակիչներն անձամբ էին նամակով դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ութամյա Աշոտի և նրա ընկերների խնդրանքն անպատասխան չմնաց, և քաղաքապետի հանձնարարությամբ Կիևյան 18 հասցեում մեկնարկեցին բակի վերանորոգման աշխատանքները:Հատկանշական է, որ նամակը գրելիս Աշոտը չէր մոռացել նաև իր փոքրիկ քույրիկի մասին և ֆուտբոլի դաշտից բացի խնդրել էր բակում կառուցել նաև խաղահրապարակ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած այս բակն այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:Գունային տարբեր երանգներով հարուստ, նկարազարդ, գեղեցիկ զրուցարանով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտին, բնակիչների հավաստմամբ, իսկապես սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:Քաղաքապետն էլ իր հերթին շնորհավորելով բնակիչներին՝ մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված ցանկացած աշխատանք իրականացվում է հաշվի առնելով հենց բնակիչների մոտեցումներն ու առաջարկությունները. <<Մենք Աշոտիկի ցանկություններն այսօր իրականացրինք, բակում կառուցեցինք և' ֆուտբոլի դաշտ, և' խաղահրապարակ: Աշոտիկից հետո այսօր արդեն քաղաքի բոլոր երեխաներն են այդ ցանկությամբ դիմում և ես՝ որպես Երևանի քաղաքապետ, խոստացել եմ Երևանի բոլոր երեխաներին, որ մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգելու ենք և հանձնելու ենք իրենց>>,- նշել է Տարոն Մարգարյանը:Տոնական այս օրն առիթ էր նաև, որպեսզի ութամյա Աշոտն ու նրա ընկերները անձամբ շնորհակալություն հայտնեն քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց երազանքն իրականություն դարձնելու համար: Բարեկարգ բակի հանդիսավոր բացման օրը համընկել էր նաև Աշոտի ընկերոջ՝ ութամյա Արթուրի, ծննդյան տարեդարձի հետ: Փոքրիկին քաղաքապետն անձամբ է շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հետ միասին բարեկարգված բակում նաև եղևնի է տնկել:
 

← Վերադառնալ ցուցակին