Լուրեր

ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

05.12.2012

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:

Ողջունելով դեսպանին` խորհրդարանի նախագահը շնորհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա գործունեության շնորհիվ էլ ավելի կամրապնդվեն հայ-հունական երկկողմ հարաբերությունները: Նրա խոսքով` Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարեւոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ հարաբերությունների բազմակողմ զարգացումը եւ գոհունակությամբ փաստեց, որ Հունաստանի հետ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Այս համատեքստում նա բարձր գնահատեց հայ-հունական միջխորհրդարանական համագործակցության խորացումը, փոխայցերը, բարեկամության խմբերի գործունեությունը: ԱԺ նախագահը վերահաստատեց Հունաստանի խորհրդարանի նախագահի Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշեց, որ Հունաստանը եւ Հայաստանը ավանդական բարեկամ երկրներ են եւ երկու ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից: Դեսպանը ընդգծեց, որ իր պաշտոնավարության ընթացքում կանի հնարավորը հայ-հունական հարաբերությունները էլ ավելի խորացնելու եւ զարգացնելու ուղղությամբ : Պարոն Տայիսը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը, ինչը, նրա խոսքով, մեծապես կնպաստի միջպետական հարաբերությունների ամրապնդմանը:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 

← Վերադառնալ ցուցակին