Լուրեր

Քննարկվել են քաղաքաշինական կանոնակարգերին առնչվող խնդիրներ

20.12.2012

 Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև առկա համագործակցության շրջանակում քաղաքապետարանում անցկացվել է <<Գործնական քաղաքաշինության վերաբերյալ փորձի փոխանակում, Ֆրանսիայի փորձի ուսումնասիրություն>> խորագրով երկօրյա սեմինար-քննարկում, որին մասնակցել են Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ու քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտների մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը:
Հանդիպման հիմնական նպատակը, զուգահեռներ անցկացնելով հայաստանյան քաղաքաշինական կանոնակարգերի հետ, մասնակիցներին Ֆրանսիայում առկա քաղաքաշինական կանոնակարգերն իրենց առանձնահատկություններով և առօրյա գործունեությամբ ներկայացնելն է եղել:
Սեմինար-քննարկման ընթացքում Ֆրանսիայի տարբեր քաղաքների օրինակներով ներկայացվել են քաղաքաշինական գործընթացներն ու ոլորտում կիրառվող կարևոր ծրագրային փաստաթղթերը (հողօգտագործման, քաղաքաշինական հատակագծեր, գոտիավորում, հատուկ պահպանվող տարածքներ, հուշարձաններ, կառուցապատման խտության գործակից, քաղաքաշինական վկայական, շինարարական թույլտվություններ, շինարարության մեկնարկի և աշխատանքների ավարտի հայտարարագրեր և այլն):
Ընդգծելով հանդիպման կարևորությունն ու արդյունավետությունը` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին