Լուրեր

Ավանը և Դավթաշենը՝ 2012-ի լավագույն վարչական շրջաններ

24.12.2012


Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծել է, որ համակարգված աշխատանքի շնորհիվ արդյունքները նկատելի են և գոհացուցիչ:
<<Անցնող տարվա ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք դրված էին մեր առջև կարողացանք բարձր մակարդակով լուծել: Քաղաքացիների կողմից բարձրացված շատ հարցեր ուսումնասիրվեցին և կյանքի կոչվեցին, մյուս մասն էլ կընդգրկվեն մեր հետագա ծրագրերում: Պետք է շարունակենք հետևողական աշխատանքը և դրանով իսկ ապահովենք մայրաքաղաքի համաչափ զարգացումը>>,- նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով մայրաքաղաքի վարչական շրջանների 2012 թվականի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներին` Տարոն Մարգարյանը նշել է, որ տարվա կտրվածքով բարձր ցուցանիշներ են գրանցել և առաջին տեղը զբաղեցրել միանգամից երկու վարչական շրջան` Ավանը և Դավթաշենը: Երկրորդ և երրորդ տեղերում, համապատասխանաբար, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններն են:
<<Համակարգված և սրտացավ աշխատանքի շնորհիվ զգալի փոփոխություններ են նկատվում բոլոր վարչական շրջաններում: Սակայն բավարարվել ձեռքբերածով պետք չէ: Վստահ եմ, որ հաջորդ տարի մեր բոլոր վարչական շրջանները կզբաղեցնեն առաջանցիկ տեղեր>>,- շնորհակալություն հայտնելով վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմերին՝ նշել է Տարոն Մարգարյանը:
Տոնական օրերին բնակչության ահազանգերին արագ արձագանքելու նպատակով հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին քաղաքապետը հանձնարարել է աշխատել շուրջօրյա հերթապահությամբ և օպերատիվորեն արձագանքել հնարավոր բոլոր վթարային իրավիճակներին: Առողջապահական և շտապբուժօգնության ծառայություններին ևս հանձնարարվել է ապահովել օպերատիվ աշխատանք:
Քաղաքապետն առանձնահատուկ ընդգծել է տոն օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպման անհրաժեշտությունը: Հնարավոր տեղումների դեպքում էլ ձևավորված օպերատիվ շտաբերի միջոցով կիրականացվեն ձնամաքրման համապատասխան աշխատանքները:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ: Բացի այդ, տոնական օրերին համապատասխան հսկողություն կիրականացվի ոչ միայն հաստատված չվացուցակների խախտումները բացառելու, այլև երկարաժամյա ժամանակացույց ապահովելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ այս շաբաթ նախատեսվում է ևս մեկ միկրոավտոբուսային երթուղի փոխարինել ավտոբուսայինով և Ամանորին ընդառաջ հանձնել բնակչությանը:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են:
<<Այս տարի մայրաքաղաքի ձևավորումն ու լուսավորությունն իսկապես հաջողվել է, ինչն առաջին հերթին փաստում են մեր քաղաքացիները: Իմ շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատասխանատուներին, ովքեր ջանք չեն խնայել քաղաքն ավելի տոնական դարձնելու համար: Սակայն պետք է չմոռանանք նաև այդ ամենը խնամքով պահպանելու մասին>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Վարչական շրջանների, խանութների, բանկերի, քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների և այլ հիմնարկ-ձեռնարկությունների կողմից տարածքների ամանորյա տոնական ձևավորման համար հայտարարված մրցույթների ընթացքի վերաբերյալ Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ հիմնական ձևավորումներն ավարտված են, և առաջիկա օրերին արդյունքները կամփոփվեն: Լավագույնները քաղաքապետի կողմից կստանան համապատասխան խրախուսական մրցանակներ:
 

← Վերադառնալ ցուցակին