Լուրեր

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ նկարազարդման աշխատանքների մասնակիցներին

24.12.2012


Երևան քաղաքի 2012թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաև կամարանցումների նորոգման, լուսավորության և նկարազարդման աշխատանքներ:
Արդյունքում նկարազարդվեց ավելի քան 140 կամարանցում և 240 պատ: Նկարազարդման աշխատանքներին նկարիչների հետ միասին իրենց մասնակցությունը բերած 100-ից ավելի ուսանողներ ու աշակերտներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով այցելել էին քաղաքապետարան:
Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար` քաղաքապետն ընդգծել է քաղաքապետարանի ծրագրերին հատկապես երիտասարդության մասնակցության կարևորությունը:
<<Դուք իսկապես գնահատելի գործ կատարեցիք: Այս և նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու, և ես ակնկալում ձեր էլ ավելի ակտիվ մասնակցությունը>>,- նշել է Տարոն Մարգարյանը: Կատարված նկարազարդման աշխատանքներին մասնակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք նկարիչներ, այդ թվում` ուսանողներ և աշակերտներ։
Կատարված աշխատանքները պատշաճ լուսաբանելու և լիարժեք տեղեկատվություն ապահովելու համար քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև Երևանի 12 վարչական շրջանների մի շարք աշխատակիցներ:
 

← Վերադառնալ ցուցակին