Լուրեր

Հաստատվել է Երևան քաղաքի 2013թ. բյուջեն

25.12.2012

 Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար որպես տեղական տուրք սահմանվում է 350.000, 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 700.000 դրամ: Ավագանու որոշմամբ Երևան քաղաքային համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է` 200.000 դրամ:Ավագանու որոշմամբ Երևան քաղաքի վարչական տարածքում հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է. 

1) 1-ին գոտու փողոցների համար` 18000 դրամ,
2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 15000 դրամ,
3) 2-րդ գոտու փողոցների համար` 12000 դրամ,
4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար`9000 դրամ,
5) 3-րդ գոտու համար` 6000 դրամ,
6) 4-րդ գոտու համար` 4000 դրամ:
Նույն որոշմամբ Երևան քաղաքի վարչական տարածքում ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է.
1) 1-ին գոտու փողոցների համար` 3000 դրամ,
2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 2700 դրամ,
3) 2-րդ գոտու փողոցների համար` 2500 դրամ,
4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 2000 դրամ,
5) 3-րդ գոտու համար` 1500 դրամ,
6) 4-րդ գոտու համար` 1000 դրամ:

 

Երևանի ավագանին միաձայն հավանություն է տվել նաև Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերապահելու մասին որոշման նախագծին: Նույն որոշմամբ սահմանվել են նաև ավտոկայանատեղ կազմակերպելու ծառայությունների ձեռքբերման պայմանագրի հիմնական պայմանները:
Նույն օրը տեղի է ունեցել նաև Երևանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի զարգացման 2013թ. ծրագրին, որը ներառում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև Երևան քաղաքի 2013թ. բյուջեն, համաձայն որի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 65,665,941.7 հազ. դրամ, ինչը 3.17%-ով գերազանցում է Երևան քաղաքի 2012թ. բյուջեով նախատեսված նույնանուն ցուցանիշը, իսկ 2011 թվականինը՝ 28.4%-ով: Եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 19,410,074.4 հազ. դրամ՝ 2012 թվականի նախատեսված (ճշտված) 19,729,869.5 հազ. դրամի դիմաց, ինչը, սակայն, շուրջ 45.2%-ով կամ 6,045,108.5 հազ. դրամով ավել է 2011 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից։ Նախատեսվող դեֆիցիտը (պակասուրդը) կազմում է 400,000.0 հազ. դրամ։ Ավագանու ինչպես ՀՀԿ, այնպես էլ ԲՀԿ խմբակցությունների ղեկավարները դրական են գնահատել բյուջեի նախագիծը՝ առանձնացնելով ոչ միայն աճի միտումները, այլև ընդգծելով վերջինի սոցիալական, ինչպես նաև մշակութային կյանքի բարելավման ուղղվածության շեշտադրումները:Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը՝ Երևանի ավագանու որոշմամբ գույքահարկի արտոնություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից` հաջորդող տարիների ընթացքում, մահացածների ընտանիքների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամների համար, ովքեր գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև որոշման ուժի մեջ մտնելը: Գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների առկայության դեպքում որոշումը տարածվում է այդ շինություններից մեկի նկատմամբ` ըստ գույքահարկի արտոնություն ստացած անձի կամ նրա ընտանիքի ցանկության:Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի նկարիչների միության գրությունը, Երևան քաղաքի ավագանին որոշել է գույքահարկի գծով արտոնություն տրամադրել նաև Հայաստանի նկարիչների միության անդամ նկարիչներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող շինությունների (ստեղծագործական արվեստանոցներ) մասով:
Ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերին:
Ամփոփելով ավագանու 8-րդ նստաշրջանի աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ավագանու անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս համատեղ ուժերով ու նույն նվիրումով յուրաքանչյուրն իր ներդրումը կունենա Երևանի զարգացման ու երևանցիների բարօրության ապահովման գործում: Առիթից օգտվելով՝ քաղաքապետը նաև շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին