Լուրեր

Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների մի շարք ներկայացուցիչների

26.12.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին:
Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետն անդրադարձել է 2012 թվականի ընթացքում ոլորտներում կատարված բարեփոխումներին և, ընդգծելով յուրաքանչյուր բնագավառի առանձնահատուկ դերը, համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի ձեռքբերումները կլինեն առավել մասշտաբային:
<<Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ` մաղթում եմ, որ գալիք տարին երջանկություն, սեր և համերաշխություն բերի բոլորի ընտանիքներին: Թող 2013-ը բոլոր ոլորտների համար լինի նոր ձեռքբերումների, հաջողությունների ու վերելքի տարի>>,- ողջույնի խոսքում նշել է Տարոն Մարգարյանը:
Երաժշտական արվեստի, գրականության, մշակույթի, հոգևոր կրթության, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտներում ներդրած մեծ ավանդի և բեղմնավոր գործունեության համար քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Արմեն Բուդաղյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը, Հայկական Բարեգործական ընդհանուր միության հայորդաց տների տնօրեն-տեսուչ Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը:
Քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև Երևանի հ. 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը և Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկ Լիլիթ Գիլոյանը` համապատասխանաբար առողջապահության և ուսումնամարզական ոլորտներում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար:
Ոլորտների ևս 20 ներկայացուցիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի և շնորհակալագրի:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին գնահատանքի համար` պարգևատրվածները խոստովանել են, որ մրցանակը պարտավորեցնող է և այսուհետ սիրելի մայրաքաղաքի համար անելու են ավելին:
Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում ունկնդրել է նաև մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների միջազգային մրցույթներում հաջողությունների հասած սաների համերգը:

← Վերադառնալ ցուցակին