Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ալժիրի Նախագահի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդականին

28.12.2012

 Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի նախագահի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին եւ կարեորելով նրանց այցը Հայաստան` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի այցը զգալիորեն կնպաստի մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը եւ խորացմանը: Հովիկ Աբրահամյանի կարծիքով Հայաստանի եւ Ալժիրի միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը ընդգծեց նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարեւորությունը` նշելով, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է իր ներդրումն ունենալ երկու երկրների միջեւ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու գործում: Նրա համոզմամբ միջխորհրդարանական համագործակցության արդյունավետությանը մեծապես նպաստում են պատգամավորական բարեկամության խմբերը, ինչպես նաեւ փոխադարձ այցերը բոլոր մակարդակներով: Հովիկ Աբրահամյանը Մուհամեդ Կամել Ռեզագ Բառային խնդրեց Ալժիրի խորհրադարանի երկու պալատների նախագահներին փոխանցել Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:

Ալժիրի նախագահի խորհրդականը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ նույնպես կարեւորեց Հայաստանի հետ փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը բոլոր ուղղություններով: Նրա համոզմամբ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը մեծապես կնպաստի քաղաքական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանը, ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Երկուստեք շեշտվեց, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների արդյունքում:

← Վերադառնալ ցուցակին