Լուրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

28.12.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և հունական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային կապերն այսուհետ զարգացման նոր որակ ու ընթացք կստանան. <<Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իոանիս Տայիսը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստել առավել ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, այդ թվում նաև Երևան և Աթենք քաղաքների միջև. <<Երկու երկրների պատմական անցյալն ու ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք են և հնարավորություն են տալիս փոխգործակցության եզրեր գտնելու ու դրանք երկուստեք զարգացնելու համար>>,- նշել է դեսպանը:
Համառոտ ներկայացնելով քաղաքապետարանի ներկա ծրագրերը, կառավարման հարցում իր մոտեցումներն ու քաղաքապետարանի առաջիկա անելիքները՝ Տարոն Մարգարյանը կարևորել է համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

← Վերադառնալ ցուցակին