Լուրեր

Խորհրդարանի այգում ամանորյա տոն էր

28.12.2012

 Խորհրդարանի այգում դեկտեմբերի 28-ին ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոնական միջոցառում էր, որն անց էր կացվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:

«Բաց դռներ» ծրագիրը հերթական անգամ մանուկներին տոն պարգեւեց՝ նրանց համար գեղեցիկ համերգ եւ սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսների հետ հանդիպում կազմակերպելով: Հանրային ռադիոյի «Արեւիկ» համույթի, Դալիթայի, «Աստղիկներ նախագծի», Սիլվա Հակոբյանի, Նունե Եսայանի եւ այլոց երգերի հնչյունները եւ Ձմեռ պապիկի ու Ձյունանուշիկի մասնակցությունն այգում ուրախ ու ջերմ մթնոլորտ էին ստեղծել: Ազգային ժողովը մանուկների համար պատրաստել էր ամանորյա նվերներ, բայց սպասվում էր այլ անակնկալ եւս. փոքրիկներին շնորհավորելու, բարեմաղթելու ու պարզապես զրուցելու մոտեցան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդրանի պատգամավորներ:

Այգում կազմակերպվել էր նաեւ ցուցահանդես. ներկայացված էին Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ու Արաբկիրի հայորդյաց տան սաների ստեղծագործությունները, իսկ մանկատան երեխաները հենց այգում գունազարդում էին կավե քանդակները:

← Վերադառնալ ցուցակին