Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

22.02.2013

ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ փետվարի 22-ին քննարկեց եւ հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը: Այն լրացումներ է ենթադրում «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում եւ «Վարչական իրավախախտումների մասին» ու «ՀՀ քրեական» օրենսգրքերում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շրջանառված այս նախագիծը համարեց խիստ արդիական, իսկ դրա ընդունման անհրաժեշտությունը՝ հրատապ: Հիմնական նպատակը գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության ռիսկերի կառավարումն է: Մասնավորապես այս նախագծում ամրագրվել են մեխանիզմներ՝ ձեւափոխված օրգանիզմների ազդեցությունը շրջակա միջավայրի կամ կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար՝ հաշվի առնելով նաեւ մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը: Հարցը տարբեր փուլերով քննարկվել է թե հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ, թե ակադեմիական հաստատություններում: Բոլորը, նախարարի փոխանցմամբ, միակարծիք են. պետք է արգելել կամ վերահսկել գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործումը: Այս նախագծով հնարավոր կդառնա պայքարել այնպիսի բացասական երեւույթների դեմ, ինչպիսիք են գեների անկառավարելի փոխանցումը, ավանդական բույսերի սորտերի ու կենդանիների ցեղերի բազմազանության նվազումը, հողերի բնական բերրիության խախտումը եւ բուսական-կենդանական տեսակների բազմազանության աղքատացումը: Մասնագետներն ահազանգում են. այնպիսի լայն կիառում ունեցող կուլտուրաներ, ինչպիսիք են եգիպտացորենը, լոլիկը, սոյան, ցորենը, կարտոֆիլը, հիմնականում գենետիկորեն ձեւափոխվել են:

Մեկուսացված համակարգում այս օրգանիզմների գործածությունը՝ ներմուծումը, արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը նախագծով հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն: Սահմանված են նաեւ պետական մարմինների լիազորություններն այս ոլորտում, ինչպես նաեւ նախատեսված է փորձագիտական խմբի գործունեություն:

Պատգամավորները հարց բարձրացրին՝ սննդի կամ կերի մեջ այս օրգանիզմների գործածության մասին, ինչը, ըստ Արամ Հարությունյանի, կարգավորված է մեկ այլ՝ «Սննդամթերքի անվտանգությւան մասին» օրենքով, որտեղ սահմանված է մակնշման պարտադիր պահանջ: Նախարարը նշեց, որ սա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառումը կանոնակարգելու առաջին քայլն է՝ քաղաքական որոշման արդյունք, հետագայում հնարավոր են նոր լուծումներ ու որոշումներ:

Հարցը դրական եզրակացությամբ հանձնաժողովը կառաջարկի ընդգրկել ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվեց կառավարության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նշվեց, որ նախագիծը կնպաստի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը՝ նվազագույնի հասցնելով կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների կողմից չարաշահումների հնարավորությունն ու կոռուպցիոն ռիսկերը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագծին՝ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ փետրվարի 25-28-ի քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Վերջինիս ընդունումը պայմանավորված է 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելով: Հիմնական զեկուցողը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նշեց, որ պատգամավորների կողմից ստացել են առաջարկներ, որոնք ընդունվել են:

Քննարկված օրենքի նախագծերի փաթեթին տրվեց դրական եզրակացություն՝ ԱԺ փետրվարի 25-28-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը նախատեսում է այլընտրանքային զինվորական ծառայությունը տարանջատել այլընտրանքային աշխատանքային ծառայությունից՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են արդյոք ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ զենք կրելուն ու օգտագործելուն:

Նախատեսվում է որոշակիորեն կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը:

Նախագծով սահմանվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմը՝ ներառելով տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, ոստիկանության եւ պաշտպանության, պետական կառավարման մարմինների ու կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցչի:

Օրենքի նախագիծը կարգավորում եւ հստակեցնում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումները քննարկելու, դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու, դրանք բողոքարկելու ընթացակարգերը:

Լրացումներ են կատարվել նաեւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում: Այն անձինք, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են կրոնական համոզմունքների կամ հայացքների պատճառով Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան միջազգային պարտավորությունները ստանձնելու պահից մինչեւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի ընդունումը, պետք է օրենքի ուժով ճանաչվեն դատվածություն չունեցող: Այն անձինք, ովքեր գործող օրենքի ընդունումից հետո դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցագործությունների կատարման համար, լիազոր մարմնի եզրակացության հիման վրա նույնպես պետք է ճանաչվեն դատվածություն չունեցող, իսկ նրանք, ովքեր այս օրենքի օրինական ուժի մեջ մտնելու պահին դեռեւս շարունակում են պատիժ կրել, պետք է հնարավորություն ունենան անցնելու այլընտրանքային ծառայության:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, կարեւորելով ներկայացված օրինագծերի փաթեթը եւ՛ մարդու իրավունքների, եւ՛ ազգային անվտանգության տեսանկյունից, մտահոգություն հայտնեց, որ դիմումատուի պահանջը բավարարելու կամ մերժելու իրավասությունը հանրապետական հանձնաժողովին վերապահելը կարող է խնդիրներ առաջ բերել կամ սուբյեկտիվ լուծումների տեղիք տալ, եւ գերադասելի համարեց օրենքում հատուկ չափորոշիչներ ներառել, ինչը հարցի լուծումը կդարձնի առավել օբյեկտիվ: Նման մտահոգություն հայտնեցին նաեւ քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշեցին, որ հիմքն ակնհայտ է. դա անձի կրոնական դավանանքի կամ հայացքների հակասությունն է ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ միայն զենք կրելուն եւ օգտագործելուն: Ինչ վերաբերում է չափորոշիչներին, այդպիսին հնարավոր չէ արձանագրել օրենքում, քանի որ դիմումատուն պետք է ապացուցի իր ներկայացրած հիմքերը, որոնք կարող են տարբեր լինել, իսկ հանձնաժողովը, հենվելով նրա ներկայացրած փաստերի հավաստիության վրա, պետք է համապատասխան որոշում կայացնի: Հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը հավաստիացրեց, որ եթե կոնկրետ չափորոշիչներ առաջարկվեն, որոնք ընդհանրական լինեն բոլոր դիմումատուների համար եւ խնդիրը կարգավորելու հնարավորություն տան, կառավարությունը պատրաստ է դրանք քննարկելու եւ ներառելու օրենքում:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատգամավորներին առաջարկեց դրական եզրակացություն տալ նախագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: Նա տեղեկացրեց նաեւ, որ օրինագծի տարբեր դրույթների, ինչպես նաեւ այլ օրենքների հետ համապատասխանեցման վերաբերյալ ինքն ունի առաջարկներ, որոնք կներկայացնի մինչեւ երկրորդ ընթերցում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագծին, իսկ հանձնաժողովի օրակարգում ներառված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից 14 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը հեղինակի՝ ՀՀ կառավարության առաջարկով հետաձգվեց:  

← Վերադառնալ ցուցակին