Լուրեր

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

02.03.2013

 Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է Երևանում անցկացվող <<CTS 2013>> 12-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին և ներկայացնելով զբոսաշրջային ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքապետարանի դիրքորոշումն ու իրականացվող ծրագրերը`Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ, լինելով աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, Երևանն ուրույն հետաքրքրություն է ներկայացնում նաև զբոսաշրջային առումով. <<Քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ քննարկելու և կյանքի կոչելու զբոսաշրջության խթանմանն ուղղված տարբեր ծրագրեր>>,- նշել է քաղաքապետի խորհրդականն, ավելացնելով, որ Երևանում կազմակերպված միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն իր հերթին ոլորտում գործընկերային կապերի հաստատման ու ընդլայնման կարևոր հարթակ է:
Ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ճամփորդական գործակալների հայկական միության նախագահ Սիմոն Խաչատուրյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը հատկապես վերջին տարիներին զգալի քայլեր է ձեռնարկում՝ ուղղված զբոսաշրջային ոլորտի զարգացմանը: <<Համոզված եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած այս քաղաքականությունը շարունակական կլինի և այսուհետ ևս զբոսաշրջային ընկերությունները քաղաքապետարանի աջակցությունը կունենան>>,- նշել է Ճամփորդական գործակալների հայկական միության նախագահը:
Հանդիպմանը ներկա Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների միության վարչության անդամ Թենգիզ Քելեկչին, ով նաև Վան-Երևան չվերթների նախաձեռնողներից է, նշել է, որ Հայաստանում ու, մասնավորապես, Երևանում շատ նոր հետաքրքրություններ է բացահայտել, որոնք կարող են խիստ գրավիչ ու հետաքրքիր լինել ամենատարբեր ուղղվածության զբոսաշրջային ճամփորդությունների մասով:
Հանդիպման վերջում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում կքննարկվեն զբոսաշրջային ոլորտում գործակցությանն առնչվող առավել կոնկրետ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին