Լուրեր

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

05.03.2013

Այսօր լրանում է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 54 ամյակը: Մարդ, ով խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։

Անուրանալի է նրա դերը ազգային բանակի ստեղծման գործում։ Իր մեջ ի սկզբանե ընդգծված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից ելած իր զինակիցներին։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին ՀՀ Արարատի շրջանի Արարատ գյուղում։

Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։
1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։
1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։
1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։
1987-90թթ. աշխատակցել է <Գարուն> ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։
1987թ. <Հացի փորձություն> գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։
1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։
1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։
1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։
1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
1993թ.- ին հիմնադրել է <Երկրապահ Կամավորականների միություն>` ընտրվելով ԵԿՄ նախագահ։
1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման և <Ոսկե արծիվ> շքանշանի։
1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով <Հանրապետական> կուսակցության առաջնորդ, ապա <Միասնություն> դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում <Միասնություն> դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում` 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։
1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման և <Հայրենիք> շքանշանի։ 

← Վերադառնալ ցուցակին