Լուրեր

ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

06.03.2013

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշարձանին, լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

ԳԴՀ Բունդեսթագի նախագահի գլխավորած պատվիրակությունը եղավ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։

Նորբերթ Լամմերթը գրառում կատարեց «Պատվո հյուրերի» հուշամատյանում. «Մեր անցյալի փորձից ելնելով՝ մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին»։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ ԳԴՀ Բունդեսթագի նախագահը նշելով, որ նման վայրեր կան նաեւ Գերմանիայում եւ աշխարհի շատ երկրներում, ասաց. «Դրանք հետեւանք են այն իրադարձությունների, որոնք չպետք է տեղի ունենային։ Բունդեսթագը 2005-ին որոշում է կայացրել 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ։ Մենք դա արել ենք նկատի ունենալով մեր անցյալը, առանց որեւէ գնահատականի՝ միասնաբար կայացրել ենք այդ որոշումը՝ գիտակցումով, որ ինքնաքննդատական վերաբերմունքը սեփական պատմությանն այն կարեւոր նախադրյալն է, որը պետք է օգնի նման որոշումներ կայացնելուն՝ հանուն համընդհանուր լավ ապագայի»։  

← Վերադառնալ ցուցակին