Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մայրաքաղաքի մանկավարժներին

25.12.2013

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին:
Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մատաղ սերնդի դաստիարակությանը, կրթության որակի ու պայմանների բարելավմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրերը լինելու են շարունակական: Ամփոփելով կրթական համակարգում իրականացված ծրագրերը՝ Երևանի քաղաքապետն անցնող 2013 թվականը գնահատել է ձեռքբերումների տարի:
<<Ամանորի նախաշեմը ևս մեկ առիթ է խոսելու անցնող տարվա հաջողությունների ու ձեռքբերումների մասին: Եվ դրանք, իրականում, քիչ չեն: Մեր երեխաներն այս տարի էլ զգալի հաջողություններ արձանագրեցին հանրապետական ու միջազգային ամենատարբեր օլիմպիադաներում ու մրցույթներում: Ինչպես և խոստացել էինք, ջեռուցման խնդիրը լուծելուց հետո մեր ուշադրության կենտրոնում արդեն կրթական հաստատությունների նորոգումն ու հիմնանորոգումն է, գույքով ու տեխնիկական միջոցներով վերազինումը: Անցնող տարում մեր մանկապարտեզներում գույքի թարմացման աննախադեպ ծրագիր սկսեցինք, որը շարունակվելու է նաև 2014-ին: Ամեն դեպքում, ինչ հաջողության, ձեռքբերման մասին էլ որ խոսենք, դրանցում, անշուշտ, առանցքայինը ձեր աշխատանքն է, սիրելի մանկավարժներ, ձեր սերն ու նվիրումը ընտրած մասնագիտությանը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելության շրջանակում, մանկավարժության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդի համար, Երևանի քաղաքապետի որոշմամբ <<Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ>> մեդալներով են պարգևատրվել Երևանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սիլվա Սարգսյանը, Երևանի թիվ 35 մանկապարտեզի տնօրեն Ամալյա Ավդալյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը:
Երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած ներդրման համար համակարգի մի խումբ աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է մանկավարժների հետ և մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթել է, որ 2014 թվականը նրանց համար լինի առողջության, հաջողությունների ու նորանոր ձեռքբերումների տարի:
 

← Վերադառնալ ցուցակին