Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

03.02.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում գործընկեր և քույր քաղաքների հետ.
<<Մենք իրականում շատ անելիքներ ունենք Երևանի և Իսրայելի քաղաքների միջև գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Այսօր երկու պետությունների քաղաքների միջև փոխգործակցություն չկա և, ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը երկուստեք գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման հարցում>>,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Շմուել Մեիրոմն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Իսրայելի քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն.
<<Այսօր իսկապես կան բոլոր նախադրյալները փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար: Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ>>,- նշել է Շմուել Մեիրոմը:
Հանդիպման շրջանակում դեսպանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել նաև այս տարվա մայիս-հունիս ամիսներին Իսրայելում անցկացվող քաղաքապետերի 29-րդ միջազգային համաժողովին մասնակցության հրավերը, որի շրջանակում քննարկվելու են քաղաքաշինական ինովացիաներին վերաբերող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար և կարևորելով միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումն ու փորձի փոխանակումը՝ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու երկկողմ կապերի հաստատման ու ամրապնդման հարցում:  

← Վերադառնալ ցուցակին