Լուրեր

2013-ին պարզեցված ընթացակարգով տրամադրվել է վերափոխման աշխատանքների իրականացման 386 թույլտվություն

06.02.2014

 2013 թվականի տարեսկզբին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում գտնվող տնատիրություններում բարեկարգման, վերանորոգման, ինչպես նաև այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը բնակչության համար հնարավորին պարզեցնելու նպատակով, մշակվեց փաստաթղթային ձևակերպումների նոր, առավել պարզեցված ընթացակարգ:
Համաձայն նոր ընթացակարգի՝ նման թույլտվությունները, օրինակ՝ տանիքների վերանորոգում, ցանկապատերի վերականգնում, տրամադրվում են մեկօրյա ժամկետում: Նման աշխատանքների իրականացման համար այժմ, ըստ էության, շինթույլտվություն չի պահանջվում, և կատարված փոփոխություններն էլ պետական գրանցման ենթակա չեն:
2013 թվականի ընթացքում վարչական շրջանների ղեկավարների կողմից պարզեցված ընթացակարգով տրամադրվել է վերանորոգման (վերափոխման) աշխատանքների իրականացման 386 թույլտվություն:
Տրամադրվող բոլոր թույլտվությունների մասով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում է հատուկ հսկողություն՝ թույլտվություն ստացած աշխատանքների փոխարեն շինթույլտվություն պահանջող աշխատանքներ չկատարելու համար:
Նման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը ներկայացնել վարչական շրջանի համապատասխան բաժին և տեղում լրացնել դիմում: Ընթացակարգով հստակ սահմանվում է ինչպես աշխատանքների իրականացման ժամկետը, այնպես էլ կարգը:
Նշված աշխատանքների իրականացման համար թույլտվությունների տրամադրումն անվճար է:

← Վերադառնալ ցուցակին