Լուրեր

Ներկայացվել է «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը

18.02.2014

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կառավարության ղեկավարին է ներկայացվել «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը:
Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան:
Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի: Ըստ ներկայացված ծրագրի՝ շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016 թվականին և ավարտվել 2022 թվականին:
«Անհրաժեշտ է մշակել աշխատանքների իրականացման «ճանապարհային քարտեզ», որպեսզի նախագիծը դառնա իրականություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Երկաթգծի նախագիծը մշակվել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից, որն այս բնագավառում ունի երկարատև փորձ և մեծ ճանաչում:
«Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ներդրումների ներգրավման ուղղությամբ: Նշվել է, որ չինական բանկերը հետաքրքություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը:

← Վերադառնալ ցուցակին