Լուրեր

Կառավարությունը նոր թափ է հաղորդում գործարար միջավայրի բարելավմանը

20.02.2014

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է բնական գազի կալորիականության հարցին, որը վերջին շրջանում հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում (տե՛ս առանձին):

Մշակվելու է Հայաստանի ազգային բրենդը
Մոնիթորինգ է իրականացվելու փոստային կապի ոլորտում
Անդրադարձ է եղել սոցիալական հարցերին
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրին, որի իրականացմամբ պետք է զգալիորեն բարձրանա երկրի ընդհանուր մրցունակությունը: Ձեռնարկվելիք միջոցները նպաստելու են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների արագ աճի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել առաջիկա 4 ամսվա ընթացքում համալիր ծրագիր կազմել և այդ փաստաթղթում ընդգրկել նշված հարցի քննարկմանը նվիրված վերջին խորհրդակցության ժամանակ արված առաջարկությունները:
Հայաստանի ազգային բրենդը մշակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել 62 մլն դրամ: Նախարարին հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասը`225 հազար ԱՄՆ դոլարը, այլ աղբյուրներից ապահովելու պայմանով:
ՀՀ կենտրոնական բանկի գործառույթների անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև ԿԲ կողմից վարվող տեղեկատվական համակարգեր ներառված տեղեկության հավաստիությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է ԿԲ-ին բնակչության պետռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը: ՀՀ կենտրոնական բանկը վարում է ֆինանսական համակարգի համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի շտեմարաններ, ինչպիսիք ԱՊՊԱ տեղեկատվական համակարգը, վարկային ռեգիստրը, որոնցում հաճախ են ծագում անձի նույնականացման հետ կապված խնդիրներ: Որոշման համաձայն նշված տեղեկությունը ԿԲ-ին կտրամադրի պետռեգիստրը, ինչի շնորհիվ կլուծվեն առկա խնդիրները, կապահովվի շտեմարանների բնականոն և արդյունավետ աշխատանքը:
Նիստում հաստատվել է փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը: Մոնիթորինգի ընթացքում պետք է հայտնաբերել, վերլուծել և գնահատել քաղաքացիներին և կազմակերպություններին մատուցվող ծառայությունների նշանակությունը, այդ թվում` ծառայությունների վերջնական արդյունքի վրա ծախսված ժամանակը և ֆինանսական ծախսերը: Մոնիթորինգի իրականացման ժամանակ փոստային կապի ծառայությունների որակական գնահատման ցուցանիշներն են վիճակագրական և սոցիալական հարցման տվյալները:
Հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների գործունեության ոլորտային առանձնահատկությունները` մանկատուն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատ և այլն, կառավարությունը նախարարին պարտավորեցրել է հաստատել հաստիքացուցակի օրինակելի ձև, պաշտոնների անվանացանկեր և պաշտոնների նկարագրերի օրինակելի ձևեր, աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մոտեցումներ և մեխանիզմներ: Որոշումը միտված է ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակին:
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը դրանով իսկ ապահովել է մինչև 2014թ. հունվարի 1-ը Հայաստանում ծնված երեխաներին ծննդյան միանվագ նպաստի հատկացման բնականոն գործընթացը:

Սահմանվում են Մաքսային միությանն անդամակցելու ժամանակ անհրաժեշտ պետական կառավարման մարմինների լիազորությունները
Կարգավորվում են ԱՊՀ երկրների մաքսային հարաբերությունները
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով ՀՀ կառավարությունը նշված համակարգի ազգային սեգմենտի ստեղծման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ կառավարության աշխատակազմը: Նույն որոշման հաջորդ կետերով մաքսային ծառայությունների տեղեկատվական փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան տեղեկատվական համակարգի ստեղծման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը, էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի ՀՀ պետական բաղադրիչի օպերատոր` «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն: Էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցություն իրականացող պետական կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Մեկ այլ որոշմամբ Մաքսային միության անդամ պետությունների հետ էլեկտրաէներգիայի ոլորտում բնական մենաշնորհների ծառայությունների հասանելիության ապահովման համար ՀՀ լիազոր կազմակերպություն է ճանաչվել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն:
Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին ՀՀ միացման սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների ոլորտներում ճանապարհային քարտեզի մի շարք կետերի կատարումն ապահովելու նպատակով գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությանը հատկացրել է 4 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ մասնակից պետությունների «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթուղթը սահմանում է ՀՀ և ԱՊՀ մասնակից մյուս պետությունների մաքսային մարմինների համագործակցության և փոխօգնության ձևաչափը:

Կթողարկվի AN սերիայի անհրաժեշտ քանակությամբ ՀՀ քաղաքացու անձնագիր
Օպտիմալացվում է հարկային մարմնի կառավարման համակարգը, հեշտացվում` ՀԴՄ վիճակահանության ընթացակարգը
Լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ավելացրել է ՀՀ քաղաքացու AN սերիայի անձնագրի թողարկման խմբաքանակի առավելագույն սահմանաչափը` խուսափելու համար նոր`AO սերիայի անձնագրին անցում կատարելու ժամանակ հնարավոր տեխնիկական խնդիրներից:
Իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքը, գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխման, տարածքային հարկային տեսչությունների քանակի կրճատման անհրաժեշտությամբ: Որոշմամբ օպտիմալացվում է հարկային մարմնի կառավարման համակարգը և հստակեցվում գործառույթների բաշխումը կառուցվածքային ստորաբաժանումների միջև:
2013թ. նոյեմբերի 9-ին կայացած ՀԴՄ վիճակահանությունից սկսած կիրառվում է վիճակահանության անցկացման նոր, ժամանակակից սարք, որով անցկացվող վիճակահանության ընթացակարգը խիստ տարբերվում է նախորդից: Ընթացակարգի համապատասխանեցման նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին երեք որոշումներում, ակնկալելով հեշտացնել նշված ընթացակարգը, բարձրացնել հանրության վստահությունը տվյալ միջոցառման հանդեպ, ՀԴՄ կտրոնի վրա գնված ապրանքից կամ ստացված ծառայությունից տարբերվող ապրանքի կամ ծառայության անվանման տպագրությունն իրականացնել 2014թ. հուլիսի 1-ից:

Օրենքի փոփոխություն է առաջարկվում գործարարների նախաձեռնությամբ
Կստեղծվեն սպառողների պաշտպանության իրական մեխանիզմներ
Պատասխանատվություն կնախատեսվի գիշերային ժամերին տրանսպորտային միջոցների անհարկի ձայնային ազդանշանի արձակման համար
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը մշակվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ տեղի ունեցած փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի մասնակիցների առաջարկով:Օրինագծի ընդունման դեպքում կհստակեցվի հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և արգելանքը վերացնելու ընթացակարգը և կապահովվի թափանցիկ միջավայր:
Նիստում հավանության է արժանացել «Ապահովության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա ստեղծել սպառողների պաշտպանության իրական մեխանիզմներ, բարձրացնել ապահովագրական ընկերությունների մրցակցությունը և մատուցվող ծառայությունների որակը:
Գործադիրի հավանությունն է ստացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել նաև գիշերային ժամերին տրանսպորտային միջոցների կողմից անհարկի ձայնային ազդանշաններ արձակելու, ինչպես նաև առանց թույլտվության ողորկափող հրազեն ձեռք բերելու և պահելու համար: Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Համահայկական խաղերի օտարերկրյա մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետտուրքից
Մարտի 9-ին տեղական կառավարման մարմինների ընտրություն կանցկացվի ավելի քան 50 համայնքում
Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է , որ 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը կայանալիք համահայկական առաջին ձմեռային խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող մարզական պատվիրակության անդամ օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:
Գործադիրն ընդունել է երկրի ավելի քան հինգ տասնյակ գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների 2014թ. մարտի 9-ի հերթական ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում: Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2014թ. ամառային զորակոչ տարկետում է տրվել քոլեջի երկու սովորողի:

← Վերադառնալ ցուցակին