Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հունաստանի խորհրդարանի նախագահին

25.02.2014

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին:

Հանդիպման սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց Հունաստանի խորհրդարանի նախագահին` Հայաստանի եւ Հունաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ միջպետական հարաբերությունների խորացման գործում ունեցած մեծ ներդրման համար:

Ողջունելով գործընկերոջը եւ կարեւորելով նրա պաշտոնական այցը Հայաստան` ԱԺ նախագահը շնորհավորեց պարոն Մեյմարակիսին ԱԺ բարձր պարգեւին արժանանալու համար եւ նշեց, որ մեր երկիրը կարեւորում է Հունաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացումը: «Հայ-հունական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ մեծ ներուժ ու հնարավորություններ կան դրանց ընդլայնման եւ առավել սերտացման համար»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Նրա համոզմամբ` հայ-հունական միջպետական համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման գործում առանձնահատուկ դեր է վերապահվում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա խորացմանը: Նա գոհունակությամբ փաստեց, որ այսօր հայ - հունական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվ են զարգանում. երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր: «Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաեւ բազմակողմ: Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս տարբեր միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացմանը»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը կարեւորեց Հունաստանի հետ համագործակցությունը նաեւ Եվրոպական միության հետ հարաբերությունների ձեւաչափում` նշելով, որ Հայաստանը հաստատակամ է ԵՄ հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում: Խորհրդարանի նախագահը կարեւոր համարեց երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում համագործակցության համար առկա ներուժը: «Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի տնտեսության տարբեր բնագավառներում Հունաստանի հետ համագործակցության խթանումն ու ընդլայնումը»,-ասաց ԱԺ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ Պատվո մեդալին արժանանալու համար` Հունաստանի խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց Հայաստանի եւ Հունաստանի միջեւ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները եւ դարավոր ավանդական բարեկամությունը: Նա անհրաժեշտ համարեց երկկողմ կապերի հետագա զարգացումը եւ խորացումը տարբեր ուղղություններով: Միջպետական հարաբերությունների ամրապնդման հարցում նա նույնպես կարեւոր համարեց խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը եւ ընդլայնումը, խորհրդարանական դիվանագիտության դերը: Նրա համոզմամբ` մեծ է խորհրդարանների դերը ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների, օրենքի գերակայության հարցերում: Հունաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ հայ-հունական համագործակցությունը միջազգային կառույցներում լավ հիմքերի վրա է գտնվում: Նա եւս կարեւոր համարեց տնտեսական համագործակցության զարգացումը: Որպես ԵՄ խորհրդում նախագահող երկրի խորհրդարանի նախագահ` Վանգելիս Մեյմարակիսը նշեց, որ Հունաստանը կանի հնարավորը, որպեսզի ամրապնդվեն եւ խորանան Հայաստան-ԵՄ հարաբերությունները: «Ոչինչ չի կարող խոչընդոտել, որ մենք շարունակենք համագործակցությունը Հայաստանի հետ եւ համարենք, որ Հայաստանը Եվրոպա է»,- ասաց Հունաստանի խորհրդարանի նախագահը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ` անհրաժեշտ համարելով համակամարտությունների կարգավորումը խաղաղ բանակցային ճանապարհով: Վանգելիս Մեյմարակիսը շեշտեց, որ Հունաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

Հանդիպման ավարտին Հունաստանի խորհրդարանի նախագահը գրառում կատարեց Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում: 

← Վերադառնալ ցուցակին