Լուրեր

Երևանում երթևեկության կանոնակարգումով հեծանվուղի կգործի

26.02.2014

 Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հերթական քննարկումն է հրավիրվել՝ երթևեկելի գոտում ամենաաջակողմյան հատվածը համատեղությամբ հեծանվուղու տրամադրելու թեմայով։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, Երևանի քաղաքապետի օգնական, երիտասարդական խորհրդի նախագահ Սամվել Մերթարջյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության, ինչպես նաև Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիաների նախագահները, սիրողական կարգի հեծանվորդներ։
Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի խոսքով` շատ երևանցիների համար հեծանիվն աստիճանաբար մշտական փոխադրամիջոց է դառնում, հետևաբար առաջացել է հեծանվային երթևեկությունը ևս կանոնակարգելու կարիք։
Սամվել Մերթարջյանը ներկայացրել է, որ աշխատանքային խումբը նախապես մշակել և առաջարկում է Մատենադարանից Էրեբունի թանգարան հեծանվային երթուղին, որը պետք է համապատասխանաբար գծանշվի ու կահավորվի։
«Ընտրվելով Մատենադարանից Էրեբունի թանգարան երթուղին, Հայաստանի և Երևանի համար կարևորագույն այս երկու կառույցները ներառելով, հեծանվային երթուղին նաև զբոսաշրջությանը սպասարկող բաղադրիչ կդառնա։ Առաջարկվող երթուղին առաջինն է. հաջողության պարագայում, եթե պահանջարկը լինի, կարծում եմ, նոր քննարկումների արդյունքում կարող ենք ընդլայնել երթուղին։ Մենք ուսումնասիրել ենք նաև եվրոպական հատկապես այն քաղաքների փորձը, որտեղ հեծանվուղիները ներդրվել են դրանց համար ոչ հատուկ նախատեսված փողոցներում»,- նշել է Սամվել Մերթարջյանը։
Երթուղու քարտեզագրման քննարկվող տարբերակները հաշվի առնելով՝ շտկումներ կատարելուց հետո Երևանի ՃՈ պետի առաջարկությամբ նշված երթուղին փորձարկվելու է՝ քննարկումներին մասնակից Սիրողական հեծանվային սպորտի և Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիաների անդամների աջակցությամբ։ Փորձարկումները մեկնարկելու են մարտին։
Ի դեպ, ապրիլին Երևանում նոր տիպի հեծանվային կանգառներ են բացվելու։

← Վերադառնալ ցուցակին