Լուրեր

Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստում

22.05.2014

 Մայիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում` Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում, ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Միգրացիոն քաղաքականությունը Եվրասիական ինտեգրման համատեքստում» թեմայով քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմին ե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, ոլորտի մասնագետներ, հասարակական -քաղաքական կառույցների փորձագետներ: Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էր ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին:

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ընթերցեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը, որում, մասնավորապես, նշվում է, որ հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի գործունեությունը նոր որակական երանգ է հաղորդել հայ-ռուսական միջխորհրդարանական կապերին: ԱԺ նախագահի կարծիքով՝ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման եւ ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքի ձեւավորման գործում մեծ դեր է խաղում միջխորհրդարանական փոխգործակցությունը: Հաջողություններ մաղթելով համատեղ աշխատանքում՝ ԱԺ նախագահը հույս է հայտնում, որ այս ձեւաչափով հանդիպումները թույլ կտան գտնելու նոր փոխշահավետ գաղափարներ եւ լուծումներ երկու երկրների համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում:

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում անդրադարձավ երկու երկրների միգրացիոն գործընթացներում առկա խնդիրներին՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբը հնարավորություններ է տալիս քննարկելու ոլորտում առկա խնդիրները եւ գտնելու փոխշահավետ լուծումներ:

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին ներկայացրեց ՌԴ միգրացիոն քաղաքականության սկզբունքներն ու ուղղությունները, անհրաժեշտ համարեց ՀՀ եւ ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցումը: Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որն աշխատում է այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջեւ միգրացիոն համագործակցությանը, Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուն, անօրինական միգրացիային եւ դրա հետեւանքներին, միգրացիոն սահմանափակումներին առնչվող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին