Լուրեր

Քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր

22.05.2014

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Ողջունելով դեսպանին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է Լատվիայի հետ կապերի ամրապնդումն ու հետագա զարգացումը: «Մեր երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Իր հերթին, Էլիտա Գավելեն շնորհավորել է վարչապետին՝ կառավարության ծրագիրն Ազգային ժողովում հաստատվելու կապակցությամբ, և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի բարօրության: Դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ կապերի խորացման և ընդլայնման գործում:
Վարչապետ Աբրահամյանը խնդրել է դեսպանին Լատվիայի կառավարության ղեկավարին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը և նշել, որ նման մակարդակի փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական ու քաղաքական կապերի սերտացմանը:

← Վերադառնալ ցուցակին