Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում հետևել է «Գեղեցիկ Երևան» ծրագրով իրականացվող այգու բարեկարգմանը

05.08.2014

 Մայրաքաղաքի 2014 թվականի զարգացման ծրագրով վարչական շրջաններում իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Նոր Նորք վարչական շրջանում էր: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկին հարող տարածք, որտեղ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրով կատարվում են այգու հիմնանորոգման աշխատանքներ: Քաղաքապետին ներկայացնելով նախագծով նախատեսված և արդեն իսկ կատարված աշխատանքները՝ պատասխանատուները նշել են, որ շինբարեկարգման աշխատանքների ավարտից հետո, որոնք, ի դեպ, մեկնարկել են դեռ վաղ գարնանից, շուրջ 4300 քմ ընդհանուր մակերեսով, նախկինում անբարեկարգ ու անխնամ այս տարածքի փոխարեն, կլինի խնամված, նոր ծառատեսակներով, թփերով և ծաղիկներով համալրված բարեկարգ ու հարմարավետ հանգստի գոտի: Նշվել է նաև, որ շինբարեկարգման աշխատանքները ներառում են նոր անցուղիների և ճեմուղիների կառուցում, որոնցում կտեղադրվեն զրուցարաններ, 29 նստարան ու 22 աղբաման: Զբոսայգում կկառուցվի նաև խաղահրապարակ, մանկական ավազաման և նոր ցայտաղբյուր: Այգին նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին:
«Մեր ծրագրային գերակայությունների շարքում առանձնակի կարևորված է մայրաքաղաքի այգիների, պուրակների և, ընդհանրապես, կանաչ տարածքների բարեկարգումը, ինչը ևս հետզհետե կյանքի ենք կոչում՝ տարեցտարի ավելի ու ավելի ընդլայնելով այդ ուղղությամբ աշխատանքների ծավալները: Եվ որ կարևոր է, այս հարցում ևս առաջնորդվում ենք մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով և ծրագրերի մեծ մասն իրականացնում ենք հատկապես ծայրամասային վարչական շրջաններում: Ի դեպ, այս հարցում համագործակցում ենք նաև միջազգային կառույցների ու մասնավոր հատվածի հետ: Ինչպես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Մալաթիա» պուրակը, այնպես էլ այս այգին, օրինակ, բարեկարգում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում: Ըստ այդմ, ամբողջ աշխատանքների համար նախատեսված 34 մլն դրամի 50 տոկոսը տրամադրվել է Երևան քաղաքի համայնքային բյուջեից, մյուս 50-ը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շրջելով և ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքները՝ նոր զբոսայգին հնարավորին շուտ բնակիչների շահագործմանը հանձնելու նպատակով: Պատասխանատուները տեղեկացրել են նաև, որ այգին կանաչապատելու, տարածքներում մշտական խնամք կազմակերպելու նպատակով նորոգվում և ընդլայնվում է ոռոգման ներքին ցանցը: Տարածքն ապահոված կլինի նաև արտաքին լուսավորությամբ և հարմարավետ կլինի հասարակության բոլոր խմբերի համար:
«Այգին մատչելի կլինի նաև հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի համար: Կարծում եմ, ավելորդ չի լինի նշելը, որ, մեր կողմից հաստատված բարեկարգման նախագծի համաձայն, կանաչապատ մակերեսը կկազմի 70-75%: Եվ, ընդհանրապես, այգիների բարեկարգման՝ մեր կողմից հաստատվող բոլոր նախագծերում կանաչապատ մակերեսի ծավալը փորձում ենք այդ հարաբերակցության մեջ պահել», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հարակից շենքերի բնակիչներն, առիթից օգտվելով, մոտեցել և շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին, իրենց իսկ խոսքով՝ 50 տարուց ավելի անխնամ մնացած տարածքին կենդանություն տալու և ժողովրդի համար նման հաճելի հանգստի գոտի ստեղծելու համար:

← Վերադառնալ ցուցակին