Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Նովոսիբիրսկի քաղաքապետի հետ

10.10.2014

 «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Երևանի քաղաքապետը նախ մեկ անգամ ևս շնորհավորել է գործընկերոջը քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ կարևոր ու պատասխանատու գործում: Համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է ծավալում գործընկեր քաղաքների հետ: Քաղաքապետը հույս է հայտնել, որ Նովոսիբիրսկի հետ նախատեսվող եղբայրացման համաձայնագրի ստորագրումով սերտ փոխգործակցություն կհաստատվի նաև Երևանի և Նովոսիբիրսկի միջև. «Մենք իսկապես բավականին անելիքներ ունենք երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Երևանի և Նովոսիբիրսկի միջև եղբայրացման համաձայնագրի ստորագրումն իսկապես կարևորվում է մեր կողմից, և վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում բավականին շոշափելի արդյունքներ կունենանք», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու առաջարկել արդեն իսկ ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կհստակեցնեն գործնական ծրագրերի իրականացման ժամանակացույցը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Երևանի գործընկերոջը քաղաքի օրվա կապակցությամբ՝ Անատոլի Լոկոտը, կարևորելով երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրումը, իր հերթին ընդգծել է, որ կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակահատվածում երկու քաղաքներն արդյունավետ փոխգործակցություն ծավալեն. «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ կանեմ հնարավորը երկուստեք գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Հատկապես քաղաքների դեպքում, ըստ էության, խնդիրները հիմնականում նույնական են, ու բնական է, որ դրանց լուծման եղանակների հարցում էլ հաճախ կիրառելի են համանման մոտեցումներ, ինչը, վստահ եմ, համատեղ աշխատանքի արդյունքում մենք կգտնենք: Իսկապես տպավորված ենք ջերմ հյուրընկալությունից, և պետք է խոստովանեմ, որ մեզ համար ևս շատ կարևոր է գործընկերային կապերի հաստատումը Երևանի նման հինավուրց քաղաքի հետ, որն այսօր զարգացման հստակ ուղի է բռնել», - նշել է Նովոսիբիրսկի քաղաքապետը՝ հավելելով, որ իր վերջին այցից հետո, որը եղել է 10 տարի առաջ, Երևանն իսկապես անճանաչելիորեն փոխվել է ու դարձել առավել գրավիչ, բարեկարգ ու հարմարավետ:
Հարկ է նշել, որ Երևանի և Նովոսիբիրսկի միջև եղբայրացման համաձայնագրի ստորագրման արարողությունը կկայանա «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած պատվիրակությունների տոնական ընդունելության շրջանակում:

← Վերադառնալ ցուցակին