Լուրեր

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի և Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

14.10.2014

 Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Մարիոս Գարոյանի եւ Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջխորհրդարանական միությունում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ավերոֆ Նեոֆիտուի հետ:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանին եւ Կիպրոսին միավորում են պատմական հարուստ ժառանգությունը, հոգեւոր արժեքները, ինչպեւ նաեւ Հայաստանի եւ Կիպրոսի ժողովուրդների միջեւ հաստատված փոխըմբռնումն ու վստահությունը:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Մարիոս Գարոյանի անձնական ներդրումը հայ-կիպրական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման հարցում, հատկապես Կիպրոսի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանում:

ԱԺ փոխնախագահը մեծապես կարեւորել է տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը: Նա նկատել է, որ Կիպրոսը ԵՄ անդամ այն երկրներից է, որի հետ Հայաստանն ունի ձեւավորված սերտ եւ բարեկամական հարաբերություններ. հանգամանք, որը հնարավորություն է տալիս Հայաստանին ապավինել Կիպրոսի աջակցությանը մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ կիպրական հիմնախնդիրներին` նկատելով, որ հիմնահարցերի շուրջ Հայաստանի եւ Կիպրոսի դիրքորոշումները միմյանց չեն հակասում: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Կիպրոսի մի մասի օկուպացումն ու Հայաստանի շրջափակումը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտության մասին` Էդուարդ Շարմազանովը երախտագիտությամբ նշել է, որ Կիպրոսի խորհրդարանն աշխարհում առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա Մարիոս Գարոյանին հրավիրել է մասնակցելու Երեւանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին:

ԱԺ փոխնախագահը Մարիոս Գարոյանին եւ Ավերոֆ Նեոֆիտուին առաջարկել է Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես անցկացնել. կիպրական կողմը տվել է իր համաձայնությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է նաև Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ:ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ միջպետական հարաբերությունների զարգացման գործում այսօր իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը: Նա նկատել է, որ միջխորհրդարանական կապերի ընդլայնման եւ ամրապնդման գործում լավ հիմք կարող են ծառայել փոխայցերը: Բրոնվին Բիշոփն իր հերթին կարեւորել է երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը:

Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնին 2012 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ նշել է, որ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը համապատասխան բանաձեւով դատապարտվել է Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, եւ նման ոճրագործությունների ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը:

← Վերադառնալ ցուցակին