Լուրեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Լոռու մարզ

26.10.2014

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Լոռու մարզ: Ստեփանավանի քաղաքային հրապարակում կառավարության ղեկավարը ներկա է գտնվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի արձանի բացման արարողությանը: Հայկական կինոյում և թատրոնում բազմաթիվ փայլուն դերեր մարմնավորած մշակութային ու հասարակական գործչի հայրենի քաղաքում տեղակայված արձանի հեղինակն է ճարտարապետ, նկարիչ Դավիթ Մինասյանը:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Վարչապետը շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:
Դսեղի մշակութային կենտրոնում կառավարության ղեկավարը մասնակցել է վարչապետի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի Լոռու մարզային փուլում հաղթող ճանաչված աշակերտների մրցանակաբաշխությանը: Հովհաննես Թումանյանի 145 և Ավետիք Իսահակյանի 140-ամյա հոբելյաններին նվիրված փառատոնի Լոռու մարզային փուլին մասնակցել են մարզում գործող 162 կրթօջախների 540 ասմունքող աշակերտներ: Ժյուրիի կողմից երկու տարիքային խմբերից ընտրվել են վեց ասմունքող երեխաներ, ովքեր զբաղեցրել են առաջին, երկրորդ և երրորդ տեղերը. նրանք կմասնակցեն հանրապետական եզրափակիչ փուլին:
Ողջունելով մրցույթ-փառատոնի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը կարևորել է արդեն ութ տարի կազմակերպվող միջոցառումը: Շնորհակալություն հայտնելով փառատոնի կազմակերպիչներին` վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն արդեն իսկ արձանագրել է հաջողություններ` ապագա սերնդի կրթման և դաստիարակման գործում:

← Վերադառնալ ցուցակին