Լուրեր

Տեղի է ունեցել հիշատակի արարողություն

27.10.2014

 Այսօր 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարելիցն է: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ իր համար 1999 թվականին խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունը երբեք անցյալ չի դառնում, հակառակը՝ այդ վիշտը մշտապես իր հետ է: ԱԺ նախագահը նշել է, որ ոճրագործության զոհերը մեծ գաղափարներ եւ նպատակներ ունեին, որոնց իրագործման հարցում պատասխանատու է համարում նաեւ իրեն:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնուհետեւ եղել են Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում եւ Եռաբլուր պանթեոնում, հարգել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած ՀՀ ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հիշատակը:

← Վերադառնալ ցուցակին