Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

11.06.2015

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետը, հատկանշելով հայ-սիրիական հարաբերությունների բարձր մակարդակը, հույս է հայտնել, որ Սիրիայում իրավիճակի կայունացումը կնպաստի նաև հետագայում երկու մայրաքաղաքների միջև կապերի ակտիվացմանը։
«Հայ-սիրիական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի, ինչպես նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը և պետք է արձանագրենք, որ նաև Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան միջև է համագործակցությունը եղել իսկապես արդյունավետ ու կառուցողական: Եվ համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխգործակցության համար ու մշտապես պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել Սիրիայի դեսպանությանը»,- ընդգծել է քաղաքապետը։
Կարևորելով Երևանում բնակվող սիրիահայերի խնդիրների լուծմանն ուղղված քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ դրանք լինելու են շարունակական:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:
«Պարոն քաղաքապետ, իսկապես մեծ գնահատանքի է արժանի այն վերաբերմունքը, որ ցուցաբերվեց սիրիահայերի նկատմամբ հենց առաջին իսկ օրից: ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական նշանակության ծրագրերն անհրաժեշտություն էին սիրիահայերի համար, որը հետևողականորեն շարունակվում է նաև այսօր, ինչի համար շնորհակալ ենք նաև Ձեզ»,- նշել է Իսսամ Նայալը:

← Վերադառնալ ցուցակին