Լուրեր

Գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան

23.06.2015

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո՝ հունիսի 23-ին, գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով 2015 թվականի հունիսի 16-ին Երեւանում ստորագրված «2014 թվականի համար ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Վերոնշյալ համաձայնագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Նա նշել է, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը եւ ՀՀ Կենտրոնական բանկին Վերականգնման վարկերի բանկից արտոնյալ պայմաններով ստանալ ֆինանսական օժանդակություն: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրն արդեն 10 տարուց ավել կնքվում է ՀՀ-ի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջեւ:

Համաձայնագրի քննարկումից հետո պատգամավորները վավերացրել են փաստաթուղթը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

← Վերադառնալ ցուցակին