Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին

25.06.2015

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պարոն Զաորալեկին Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը դրական ազդեցություն կունենա քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության եւ մարդկային շփումների ակտիվացման առումով:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում եւ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով պատգամավորական բարեկամության խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում, հավելել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին եւ վճռական է՝ եվրոպացի գործընկերների հետ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը ընդլայնելու եւ խորացնելու հարցում:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության հարցում պաշտոնական Պրահայի հավասարակշռված դիրքորոշումը:

Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախախարար Զաորալեկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Երկկողմ համագործակցության առումով նախարարը կարեւորել է մասնավորապես տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ Լյուբոմիր Զաորալեկին նշել է, որ Չեխիան պատրաստ է հնարավորության սահմաններում նպաստել կողմերի հետագա համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններին, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին, սահմանադրական փոփոխությունների գործընթացին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

← Վերադառնալ ցուցակին