Լուրեր

ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

26.06.2015

 ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով: Նա բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական եւ մշակութային փոխգործակցությունը: ԱԺ նախագահը հատկանշական է համարել Գերմանիայի Հանրապետության դիրքորոշումը 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Դեսպան Ռայներ Մորելը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը եւ փոխադարձ այցերը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ Ռայներ Մորելը նշել է, որ այդ միջոցառումների շնորհիվ Հայաստանն իր վրա սեւեռել է նաեւ Գերմանիայի ուշադրությունը եւ մարդիկ հասկացել են, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն է:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են նաեւ համատեղ եւ արդյունավետորեն իրականացվող ծրագրերը, անդրադարձել են «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմին: Ցեղասպանությունների դատապարտման համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ քաղաքակրթությունը պետք է վեր դասվի քաղաքականությունից:

← Վերադառնալ ցուցակին