Լուրեր

ՀՀԿ ԵԿ անդամը մասնակցեց ԵԺԿ ԵԿ բրյուսելյան խորհրդաժողովին

28.09.2015

 Սեպտեմբերի 24-27-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական ժողովուրդների կուսակցության Երիտասարդական կազմակերպության (YEPP) խորհրդաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը:

Խորհրդաժողովը կրում էր <<Երիտասարդություն. աշխատանք. համացանց>> խորագիրը: Այն անցկացվում էր Բրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանում:

Խորհրդաժողովի ընթացքում երիտասարդները հանդիպում ունեցան Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Հերման վան Ռոմպայի հետ, իսկ զեկույցներով հանդես եկան ԵԺԿ ԵԿ նախագահ Կոնստանտինոս Կիրանակիսը, ԵԺԿ գլխավոր քարտուղար, ԵԺԿ խմբի ԵԽ անդամ Անտոնիո Լոպես-Իստուրիսը և Գիտության, հետազոտությունների և նորարարությունների Եվրահանձնակատար Կարլոս Մոեդասը: Քննարկվեցին այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են գործազրկությանը, աշխատանքային հնարավորություններին, աշխատաշուկայում մրցունակ լինելուն: Ներկայացվեց Եվրոպայում գործող մի շարք թվային բիզնեսների գործունեությունը:

Այնուհետև քննարկման դրվեցին ԵԺԿ ԵԿ անդամ կազմակերպությունների կողմից ներկայացված որոշ բանաձևեր` միգրացիոն ճգնաժամի հարցերով զբաղվող ժամանակավոր աշխատանքային խմբի ստեղծման, Գուգլի կողմից շուրջ մեկ միլիոն եվրոպացի երիտասարդների համար թվային հմտությունների վերաբերյալ տեղեկատվության ապահովման, ԵՄ ֆերմերների մրցունակությանն աջակցության ցուցաբերման, Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության և ԵՄ անդամակցության փոխարեն Թուրքիային որպես այլընտրանք արտոնյալ հիմունքներով գործընկերություն առաջարկելու վերաբերյալ:
Իսկ Թուրքիայի մասնակցության վերաբերյալ բանաձևն ընդունվեց ՀՀԿ Եկ կողմից առաջարկության ավելացմամբ, որը վերաբերում է Թուրքիայի լիարժեք անդամակցության բացառմանը` կապված վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հետ:

ՀՀԿ ԵԿ անդամ Հասմիկ Ափյանը կարևորեց վերոնշյալ խորհրդաժողովին ՀՀԿ ԵԿ մասնակցությունը և նշեց, որ սա նոր կապերի ստեղծման, ԵԺԿ ԵԿ լիարժեք անդամ դառնալու և հայանպաստ որոշումների ընդունման լայն հնարավորություններ է տալիս:

← Վերադառնալ ցուցակին