Լուրեր

«Մեր նպատակը արատավոր որոշակի երևույթներից մեկընդմիշտ ձերբազատվելն է». Տարոն Մարգարյան

28.09.2015

 Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է տվյալ նորմերի խախտման 65 դեպք: Բացի այդ, նաև զեկուցվել է, որ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել է չնախատեսված վայրերում աղբը թափելու 134 դեպք, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին ու համապատասխան ծառայություններին հանձնարարել է գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում և շարունակել խստորեն վերահսկել գործող պարտադիր նորմերի և Երևանի ավագանու համապատասխան որոշումների կատարման ուղղությամբ աշխատանքների ընթացքը:
«Մեկ անգամ ևս ուզում եմ, որ բոլորին պարզ լինի. մեր նպատակը վարչական տույժերի ենթարկելը և գումարներ գանձելը չէ, այլ մայրաքաղաքում կարգ ու կանոն հաստատելը և արատավոր որոշակի երևույթներից մեկընդմիշտ ձերբազատվելն է: Ու քանի դեռ կան իրավախախտներ, մենք պարտավոր ենք օրենքով սահմանված կարգով վարչական տույժի ենթարկել բոլոր իրավախախտներին: Այս հարցում որևէ բացառություն չի կարող լինել ու, ըստ այդմ, ձեզանից ակնկալում եմ հետևողական խիստ աշխատանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 13 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
Միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված` զեկուցվել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է դրանց ընթացքն ու, հատկապես, կատարվող աշխատանքների որակը ևս պահել մշտական խիստ վերահսկողության տակ:
«Տվյալ աշխատանքների տեխնիկական հսկողությունը միջազգային մասնագիտացած կազմակերպությունների կողմից իրականացնելը բնավ էլ չի նշանակում, որ մենք այս ուղղությամբ անելիքներ չունենք: Կատարվող աշխատանքների արդյունքում ստեղծվող ենթակառուցվածքները երկար տարիներ պետք է ծառայեն մեր բնակիչներին, ուստի, մենք պարտավոր ենք այդ աշխատանքների որակյալ կատարման նկատմամբ ևս հսկողություն սահմանել ու հետևել, որ ամեն ինչ արվի սահմանված չափորոշիչներին համապատասխան: Ըստ այդմ, մշտական հսկողության տակ պահեք ընթացող աշխատանքներն ու եթե թերացումներ նկատեք, անմիջապես քայլեր ձեռնարկեք դրանց արագ վերացման ուղղությամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված՝ զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 23 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի շրջանակներում շարունակվում է ուժեղացված հսկողությունը կրթական հաստատություններին հարակից տարածքներում: Անդրադառնալով ՃՈ հետ համատեղ իրականացվող անվտանգ երթևեկության միամսյակին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել մշտական հսկողության տակ պահել սույն հարցը, բացի այդ, նաև հետևողական աշխատանքներ տանել հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու անվտանգության ապահովման ուղղությամբ:
«Ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ այնպիսի արատավոր երևույթների վրա, ինչպիսիք են վարելու ընթացքում հանրային տրանսպորտում ծխելը և հեռախոսով խոսելը: Համոզված եմ, կարիք չկա լրացուցիչ անգամ ասելու, թե այս վտանգավոր երևույթները որքանով են սպառնում է մեր համաքաղաքացիների ապահով երթևեկությանը: Ուստի, պետք է այդ ուղղությամբ հստակ և նպատակային աշխատանքներ տանել՝ դրանք մեզանում բացառելու համար: Այս հարցում ակնկալում եմ սերտ համագործակցություն ինչպես Ճանապարհային ոստիկանության, այնպես էլ ոլորտի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների և ակտիվ քաղաքացիների հետ: Համոզված եմ, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերով տարված պայքարը կտա ցանկալի արդյունք», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հանրային տրանսպորտի ոլորտի հետ կապված բոլոր հարցերը մշտապես լինելու են քաղաքային իշխանության օրակարգում:
Հանրակրթական դպրոցների ճաշարանները սպասարկող կազմակերպություններին տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկուցվել է, որ թերություններ են գրանցվել քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցներում: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը և շարունակել շրջայցերը դպրոցների ճաշարաններ:
«Եթե համապատասխան կազմակերպությունները սահմանված ժամանակում չեն կատարում իրենց տրված հանձնարարականները, ապա առանց քննարկումների խզեք նրանց հետ կնքված պայմանագրերը: Բոլորը պետք է հասկանան, որ երեխաներին մատակարարվող սննդի հաշվին որևէ թերացում ներելի չէ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Պատասխանատուները նաև զեկուցել են, որ մայրաքաղաքում ներառական կրթություն իրականացնող բոլոր դպրոցների սնունդը ձեռք է բերվում կենտրոնացված կարգով ու գործընթացը մշտական հսկողության ներքո է:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագիրը, որն այս տարի կանցնի «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրի ներքո: Այս տարի ևս միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր, որոնց մասին հանրությանը կիրազեկվի սեպտեմբերի 30-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:

← Վերադառնալ ցուցակին