Լուրեր

Տեղի է ունեցել հիշատակի արարողություն

27.10.2015

 Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի 16-րդ տարելիցը: Ողբերգական իրադարձության տարելիցի կապակցությամբ այսօր առավոտյան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:

Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ 1999-ին տեղի ունեցած ոճրագործությունը մեծ ցավ է, որը ժամանակի ընթացքում սպիանում, բայց երբեք չի անցնում:

Լռությամբ ու խոնարհումով հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին՝ ներկաները եւս մեկ անգամ ընդգծել են նրանց մեծ ներդրումն ու նվիրումը հայոց պետականության կայացման գործում:

Այնուհետեւ ԱԺ նախագահը պատգամավորների ուղեկցությամբ եղել է Եռաբլուր պանթեոնում եւ Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում, հարգել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած ՀՀ ազգային հերոսներ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի հիշատակը:

← Վերադառնալ ցուցակին