Լուրեր

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նույնականացման քարտերին վերաբերող օրենքի նախագիծը

29.10.2015

 Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են ԱԺ նիստին հետեւող Կապանի «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի «Կարիերայի պլանավորման եւ զարգացման կենտրոնի» սաներին:

ԱԺ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ին նախատեսվում է գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Շարունակվել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ քննարկումը

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են ելույթներ ունենալ ընդհատված հարցի՝ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ, որը հեղինակել են պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը եւ Գագիկ Մելիքյանը:

Արամ Մանուկյանն անդրադարձել է հանրապետության որոշ ընտրատարածքների ընտրացուցակներին եւ ներկայացրել իր հայտնաբերած խախտումները: Նա առաջարկել է քվեարկությունների հաջորդ օրը տպագրել եւ ցուցադրել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակը: Անդրադառնալով գործընկերների ելույթներին՝ Գագիկ Մելիքյանը նշել է, որ նախագծի նպատակը հանրապետության 182000 քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումն է: Նա նաեւ պարզաբանել է, որ նույնականացման քարտն անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ է, որով քաղաքացին պետք է կարողանա իրականացնել իր ընտրական իրավունքը: Նա ներկայացրել է նաեւ քվեարկության վերահսկողական մեխանիզմները: Տիգրան Ուրիխանյանը խոսել է ընտրական գործընթացների վերահսկողության մեխանիզմների բացակայությունից, նշել, որ նույնականացման քարտերով քվեարկության արդյունքների վերաբերյալ որոշակի կասկածներ կան: Զարուհի Փոստանջյանը քննադատել է օրենսդրական փաթեթը, խոսել սահմանադրական փոփոխությունների նպատակներից եւ ընտրական գործընթացներից: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին. այս համատեքստում նա կարեւորել է դեկտեմբերի 6-ին նախատեսված հանրաքվեի արդար անցկացումը, առաջարկներ ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Հայկ Բաբուխանյանը շնորհակալություն է հայտնել օրենսդրական փաթեթի եւ առաջարկների հեղինակներին, կարեւորել փաթեթի ընդունումը, անդրադարձել գործընկերների քննադատական ելույթներին: Էդմոն Մարուքյանը խոսել է վերահսկողական մեխանիզմներից, քննադատաբար արտահայտվել ընտրողի ձեռքին դրոշմակնիք դնելու՝ որոշ գործընկերների առաջարկի վերաբերյալ: Պատգամավորն անընդունելի է համարել այն մոտեցումը, ըստ որի՝ նույնականացման քարտ ունեցող 182000 քաղաքացիները կարող են դիմել ընտրակեղծիքների: Սուքիաս Ավետիսյանն անդրադարձել է այն ելույթներին, որոնք անվստահություն են առաջացնում առաջիկա հանրաքվեի նկատմամբ: Նա եւս ընդգծել է, որ փաթեթով ընդամենը վերականգնվելու է նույնականացման քարտ ունեցող քաղաքացիների ընտրական իրավունքը: Նիկոլ Փաշինյանը խոսել է քաղաքացիների՝ անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ, ներկայացրել այս մասով ՀՀ ընտրական օրենսգրքի անկատարությունը: Ըստ նրա՝ քննարկվող փաթեթը որոշ քաղաքացիների՝ կրկնակի քվեարկելու հնարավորություն է ընձեռելու: Թեւան Պողոսյանն անդրադարձել է օրենսդրական գործընթացներին, խոսել ոլորտի խնդիրներից: Պատգամավորը կարեւորել է ընտրական գործընթացների նկատմամբ հանրության կորսված վստահության վերականգնումը:

Փաթեթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:

Ներկայացնելով ՕԵԿ խմբակցության դիրքորոշումը՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հույս է հայտնել, որ քննարկումները կարող են նպաստել առաջիկա հանրաքվեի ազատ եւ արդար անցկացմանը: Ըստ տիկին Բիշարյանի՝ ՕԵԿ խմբակցությունը եւ քաղաքական ուժը ցանկանում է փոխհամաձայնության միջոցով գտնել այնպիսի լուծում, ինչը թույլ կտա հանրաքվեի օրը ունենալ վերահսկման հստակ մեխանիզմներ:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Աղվան Վարդանյանը: Նա նշել է, որ խմբակցության քվեարկությունը պայանավորված է հեղինակների կողմից իրենց առաջարկների ընդունմամբ: Խմբակցությունը օրենքը բարելավելու եւ հանրաքվեի հանդեպ վստահությունը մեծացնելու 4 տարբերակ է առաջարկել: Ըստ Աղվան Վարդանյանի՝ կառավարությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, որպեսզի ՀՀ քաղաքացիները անձը հաստատող մեկ միասնական փաստաթուղթ ունենան:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա խոսել է ընտրակեղծիքներից, ընտրակաշառք բաժանելուց, բազմակի քվեարկությունը բացառելուն ուղղված վերահսկողական մեխանիզմներից: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ հանրաքվեի ժամանակ նույնականացման քարտերի օրինականացումը նոր հնարավորություն կստեղծի բազմակի քվեարկություն կատարելու համար: Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ բազմակի քվեարկությունը կանխարգելելու գործում մեկ քայլ առաջ է մատի թանաքոտելը:

ԲՀԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ նույնականացման քարտերով քվեարկությունը ընթացակարգային հարց է, սակայն պահանջում է քաղաքական լուծում: Այս համատեսքստում պարոն Մելքումյանն առաջարկել է քաղաքական մեծամասնությանն ընդունել ԱԺ 5 խմբակցությունների՝ հանրաքվեի ընթացքում մատը թանաքոտելու առաջարկը: Պատգամավորը խոսել է նաեւ ընտրությունների տեխնիկական խնդիրներից, կարեւոր համարել առաջիկա հանրաքվեն պատշաճ մակարդակով կազմակերպումը: Խմբակցության պատգամավորները քվեարկելու են ազատ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վարհրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ որոշ պատգամավորների ելույթներում հնչել են սկզբունքային առաջարկներ: Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ ընտրությունները բարձր մակարդակով եւ թափանցիկ անցկացնելու համար կարեւոր է քաղաքական կամքի առկայությունը: Խմբակցության ղեկավարը, համաձայնելով, որ ոլորտում կան խնդիրներ՝ կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին առաջինից երկրորդ ընթերցում քննարկել եւ փորձել գտնել դրանց լուծման մեխանիզմները:

Հարակից ելույթներում Վահրամ Մկրտչյանը եւ Հովհաննես Սահակյանն անդրադարձել են պատգամավորների ելույթներին, ներկայացրել իրենց դիտարկումները ընտրական գործընթացների խախտումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ էլեկտրոնային քվեարկությամբ ընտրությունների կազմակերպանը, կրկնակի քվեարկությունը բացառելու մեխանիզմներին: Հավհաննես Սահակյանը կոչ է արել հանրաքվեից առաջ դրսեւորել քաղաքական կամք եւ ձեւավորել ընտրական մշակույթ:

Քննարկվել է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հիշեցրել է, որ օրենքի նախագծով առաջարկվում են վերանայել ծխախոտի արտադրանքի եւ օղու ակցիզային հարկի դրույքաչափերը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ԵՏՄ անդամակցության շրջանակում այս ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման քաղաքականության իրագործմամբ: Նախագծով առաջարկվում է որոշակիորեն ինդեքսավորել վառելիքի համար նախատեսված ակցիզային հարկի դրույքաչափերը: Առաջարկվում է նաեւ որպես ավտոտրանսպորտային միջոց օգտագործվող վառելիքի բոլոր տեսակները ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում: Պարոն Միրումյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ԱԺ պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել:

ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանը, Արծվիկ Մինասյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը, Հեղինե Բիշարյանը, Միքայել Մելքումյանը, Գուրգեն Արսենյանը, Հրանտ Բագրատյանը եւ Մհեր Շահգելդյանն անդրադարձել են տեղական արտադրության վրա օրենսդրական փոփոխության ազդեցությանը, օրենքի ընդունման հետեւանքով տրանսպորտի թանկացման վտանգին, սոցիալական հնարավոր ցնցումներին, արտադրական գործընթացներում անհավասար մրցակցության հնարավորությանը եւ այլ խնդիրների:

Եզրափակիչ ելույթում Վախթանգ Միրումյանը, անդրադառնալով պատգամավորների մտահոգություններին, նշել է, որ օրենքի նախագծի ընդունումն արտահանման վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ արտահանումն ազատված է ակցիզային հարկից: Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ոչ թե վնասում է տեղական արտադրությանը եւ թուլացնում մրցակցությունը, այլ հակառակը՝ առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում տեղական արտադրության համար:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախագծի նպատակն է հստակեցնել խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելուն եւ վերսկսելուն, չվճարված նպաստի գումարը վճարելուն առնչվող հարաբերությունների իրավակարգավորումները: Պարոն Ասատրյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է որպես խնամքի իրավունք տրվող պայման սահմանել ծնողի եւ երեխային ՀՀ բնակության պետական ռեգիստրում նույն վայրում հաշվառումը: Հստակեցվել է, որ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ տեղեկանք չի ներկայացվում, եթե տեղեկատվությունը ներառված է համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական բազայում:

Հարակից զեկույցում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ իր գլխավորած հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Նրա խոսքով՝ փոփոխությունների նպատակը սոցիալական ծառայություններից օգտվող քաղաքացիների համար առավել հարմար պայմանների ստեղծումն է:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստում:

Նիստի ընթացքում խորհրդարանն առաջին ընթերցումով ընդունել է ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի եւ Գագիկ Մելիքյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը եւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ ՀՀ կառավարության հեղինակած «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:

← Վերադառնալ ցուցակին