Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

04.11.2015

 Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։
Իսկապես անհնար է չգնահատել այն կարևոր աշխատանքը, որ օրն ի բուն իրականացնում եք դուք: Այն առավել արժևորվում է նաև նրանով, որ առնչվում է մեր հասարակության առավել զգայուն խավերին: Մեր օրերում, ցավոք, դեռ քիչ չեն ձեր խնամքի, հոգածության ու աջակցության կարիքն ունեցող մարդիկ:
Տոնական այս առիթով ուզում եմ Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի մեր վետերանների, զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ ու բազմազավակ ընտանիքների, տարեցների ու, ընդհանրապես, ձեր աջակցության կարիքն ունեցող բոլոր մարդկանց անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ձեր ջանքերի համար։
Համոզված եմ, որ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով, բարեխիղճ ու հոգատար աշխատանքով և համբերատարությամբ կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունը՝ տարածելով բարություն, այդպիսով ջերմացնելով նաև ձեր աջակցության կարիքն ունեցող անձանց սրտերը:
Ամենայն բարիք, քաջառողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:

← Վերադառնալ ցուցակին