Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ

17.11.2015

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ կառույցի հետ համատեղ աշխատանքն այսուհետ ևս կլինի համագործակցված ու արդյունավետ:
«Մենք կարևորում ենք միջազգային կառույցների հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ինչը, ժողովրդավարական համակարգի ներդրմանը զուգընթաց, իր հերթին նպաստում է ենթակառուցվածքները նորացնելուն ու զարգացնելուն, ծառայությունների որակը զգալիորեն բարձրացնելուն և, որ կարևոր է, հրաշալի հնարավորություն է փորձի փոխանակում իրականացնելու համար: Ուստի, մենք պատրաստակամ ենք՝ շարունակելու մեր համագործակցությունը Եվրամիության հետ, և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը բաց է ցանկացած ձևաչափով փոխգործակցության համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով Եվրամիության ֆինանսավորմամբ կյանքի կոչվող ծրագրերին՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նոր գործընկերներ:
«Այսօր Երևանի քաղաքապետարանն իրականացնում է մի շարք կարևորագույն վարկային ծրագրեր, և մենք պետք է հետամուտ լինենք, որպեսզի այդ ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչվեն: Միաժամանակ մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը նաև մեր նոր նախաձեռնությունների հետ կապված»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու շարունակական համագործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նախ իր գոհունակությունն է փոխանցել քաղաքապետին Երևանի դինամիկ զարգացման համար՝ ընդգծելով, որ ի դեմս Երևանի քաղաքապետարանի՝ Եվրամիությունն ունի իսկապես վստահելի գործընկեր:
«Վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ ես դարձել եմ Երևանի լիարժեք բնակիչ և Ձեր մայրաքաղաքում ինձ իսկապես տանն եմ զգում: Բոլոր այն ծրագրերին ու նախաձեռնություններին, որ ականատես եղա այս կարճ ժամանակահատվածում Երևանում, իսկապես ողջունելի ու գովելի է: Ակնհայտ է, որ քաղաքն այսօր դինամիկ զարգացման ուղի է բռնել: Մենք ևս կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնումը, և ուրախ եմ, որ համատեղ ծրագրերի շրջանակում կարողանում ենք մեր լուման ունենալ Երևանի զարգացման գործում»,- նշել է Պյոտր Սվիտալսկին:
Հանդիպման շրջանակում կողմերը նաև Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ու նախատեսվող ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր են քննարկել:

← Վերադառնալ ցուցակին