Լուրեր

Հանձնարարվել է խստացնել Երևանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հսկողությունը

08.12.2015

 Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, ըստ անհրաժեշտության իրականացվում են փոսալցման և ճաքալցման աշխատանքներ: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել տվյալ աշխատանքների ընթացքը:
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 30 վարչական արձանագրություն:
Նույն ժամանակահատվածում ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության շնորհիվ վարչական արձանագրություն է կազմվել 2 դեպքի մասով: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ էլ զեկուցվել է, որ կազմվել է վարչական 9 արձանագրություն: Այս մասով հանձնարարվել է լինել ավելի հետևողական և խստացնել հսկողությունը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետին զեկուցվել է, որ դեկտեմբերի 3-ի լուսադեմին մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին անմիջապես հետևել են ձնամաքրման աշխատանքները, որն իրականացրել է «Սանիթեք» ընկերությունն իր աշխատակազմով և տեխնիկայով: Գործընթացում ներգրավված են եղել նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Զեկուցվել է նաև, որ աշխատանքներում նկատված որոշ թերությունների առումով պատասխանատուներին տրվել են ցուցումներ՝ հետագայում աշխատանքներն ավելի օպերատիվ և կազմակերպված իրականացնելու համար:
«Կազմակերպված ձևով ձյան մաքրման աշխատանքներ պետք է իրականացնենք ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլ նաև երկրորդական, երրորդական, նաև բակային և ընդհանուր օգտագործման տարածքներում: Նաև խստորեն վերահսկեք, որպեսզի տվյալ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պատշաճ կազմակերպի աշխատանքներն ու հետզհետե բացառի նկատված թերացումները»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 21 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու մեկ անգամ ևս ծանուցել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին:
«Ձմռան ամիսներին օբյեկտների հարակից տարածքները ձյունից և սառույցից մաքրելու պարտավորության մասին մեկ անգամ ևս ծանուցեք տնտեսվարողներին: Երևանի ավագանու կողմից սահմանված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանումը նրանց պարտավորությունն է, ու յուրաքանչյուրը պետք է ապահովի դրա կատարումը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ կանաչապատման ձեռնարկություններն իրականացնում են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մաքրման աշխատանքները, շարունակվում է նաև ծառերի էտը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ըստ համակարգման ոլորտների հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքների տարեկան հաշվետվությունները:

← Վերադառնալ ցուցակին