Լուրեր

EDS-ի անդամները հանդիպել են Վիգեն Սարգսյանի հետ

11.12.2015

Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության (EDS) ադամները, ովքեր այս օրերին Երևանում անցկացնում են խորհրդի հավաք, դեկտեմբերի 10-ին հանդիպել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։

Վիգեն Սարգսյանը կարևորել է այն փաստը, որ եվրոպական այս կազմակերպության խորհրդի հավաքն անցկացվում է Երևանում։ Նա ընդգծել է, որ 2015 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ է, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ բանախոսն ասել է, որ հայ ժողովուրդը, որ ենթարկվել է կոտորածների իր պատմական հայրենիքում, ունեզրկվել է, այնուամենայնիվ, կարողացել է վերապրել, վերագտնել պետականությունը՝ մոբիլիզացնելով իր ուժերը, լեզուն, մշակույթը, պատմական ժառանգությունը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը, իսկ ժխտելով սկիզբ է դնում նոր ցեղասպանությունների։ Ահա թե ինչու Ադոլֆ Հիտլերը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դիմելով իր բանակին, ասել է՝ ով է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը։ Թուրքիան այսօր ոչ միայն շարունակում է մերժել Ցեղասպանությունը, այլև փակ է պահում Հայաստանի հետ սահմանները։

«Մենք Ցեղասպանության մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ դա հաճելի է մեզ, այլ որովհետև ցեղասպանությունների թեման այսօր էլ արդիական է, այն շարունակվում է հատկապես այս տարածաշրջանում։ Մենք ոչ միայն ցանկանում ենք, այլև ստիպված ենք և պարտավոր ենք խոսել այդ մասին»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով այն առանցքային ծրագրերը, որոնք 2015 թվականի ընթացքում իրականացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, և որոնց նպատակն աշխարհին ճշմարտությունը փոխանցելն ու հետագա ոճիրները կանխելն է։

Բանախոսը հավելել է նաև, որ հայերը շարունակելու են Թուրքիային կոչ անել ճանաչել Ցեղասպանությունը, առերեսվել պատմությանը և դադարեցնել մաս կազմել այն մեծ ոճրին, որ տեղի է ունեցել 100 տարի առաջ։
Հանդիպման վերջում Վիգեն Սարգսյանը պատասխանել է եվրոպացի երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին հայկական սփյուռքին, հայ-ռուսական հարաբերություններին և այլ թեմաների։

Հիշեցնենք, որ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության խորհրդի հավաքը Երևանում հյուրընկալվել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հրավերով։ Վերջինս եվրոպական այս կազմակերպության անդամ է։
Այսօր EDS-ի պատվիրակները կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

← Վերադառնալ ցուցակին