Լուրեր

Հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

23.12.2015

 Դեկտեմբերի 23-ին գումարված ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2016թ. զարգացման ծրագիրը, որը, ինչպես նշել է հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, կազմվել է հիմք ընդունելով Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։ Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս համատեքստում կարևորվել է մասնավորապես հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։
Ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան քաղաքի 2016թ. բյուջեն, որով եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 78 մլրդ 219 մլն 530 հազար դրամի չափով, ինչը շուրջ 9%-ով ավելի է 2015թ. բյուջեով կանխատեսածից: Ծրագրված եկամուտները շուրջ 15,1 %-ով գերազանցում են 2014թ. փաստացի հավաքագրված եկամուտներին: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2014թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 7%-ով:
2016թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 78 մլրդ 369 մլն 530 հազար դրամի չափով, որի շուրջ 99%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 39%-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:
Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների կարգավիճակին հավասարեցված անձանց, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամների համար:
Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու անդամների հավանությանը:
Նիստի ավարտին Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը ներկայացրել է Երևանի ավագանու 2015թ. գործունեության հաշվետվությունը:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա 2016թ. փետրվարի 9-ին:

← Վերադառնալ ցուցակին