Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Աշոտ Գալստյանին և Հարություն Շախկյանին

25.12.2015

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի նախաշեմին նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահարների կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Գալստյանին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահար Հարություն Շախկյանին:
Շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց գործունեությունը դասական երաժշտարվեստի զարգացման գործում՝ առանձնակի կարևորելով նաև մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու առաքելությունը:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել հանրապետության նախագահի առաջարկությամբ մեր ճանաչված ու վաստակաշատ քաղաքացիներին նոր բնակարաններ նվիրելը, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Վստահեցնում եմ, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը լինելու է շարունակական, և տա Աստված՝ այնքան հնարավորություններ ունենանք, որ բնակարանի կարիք ունեցող վաստակաշատ մեր բոլոր գործիչներին օր առաջ կարողանանք ապահովել սեփական տանիքով: Թող նոր բնակարանները գալիք տարում նորանոր հաջողություններ բերեն ձեր ընտանիքներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ մաղթելով արվեստագետներին ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։
Աշոտ Գալստյանն ու Հարություն Շախկյանն էլ, շնորհակալություն հայտնելով իրենց վաստակը գնահատելու համար, նշել են, որ սեփական բնակարան ունենալն իրենց համար անչափ սպասված և կարևոր խնդիր էր, որն այժմ լուծվեց ու դարձավ ամանորյա անմոռանալի նվեր: Արվեստագետները նաև հավելել են, որ, շարունակելով իրենց աշխատանքը, անելու են հնարավորը՝ մայրաքաղաք Երևանի մշակութային կյանքն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ։
Նշենք, որ Աշոտ Գալստյանին և Հարություն Շախկյանին Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները տրամադրելու որոշումները Երևանի ավագանին կայացրել է դեկտեմբերի 23-ին գումարած նիստում:

← Վերադառնալ ցուցակին